«Նաիրիտ»-ը միշտ եղել է ՀՀ ամենախոշոր ընկերություններից մեկը` ինչպես ԽՍՀՄ տարիներին, այնպես էլ հետխորհրդաին ժամանակաշրջանում, սակայն ունեցել է ամենածանր խնդիրները»,-ԱԺ-ում ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով անընդունելի համարեց խնդրին քաղաքական երանգ տալը:
«Եթե կառավարությունն ուզեր սնանկացներ` 3-4 տարի առաջ մոտիվները կային արդեն, կարող էր սնակացնել: Եթե կառավարությունն ուզեր սնանկացներ` ժողովրդին այսքան տարի չէր պահի, կհաներ դուրս: Ավելի հեշտ կլիներ դրանց երկամսյա աշխատավարձը տալ և հանել, քան այսքան տարի ձգձգել»-նշեց Արմեն Մովսիսյանը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի խոսքով «Նաիրիտ»-ում մեծ ծրագիր է իրականացվում, ուստի գտնում է, որ ճիշտ չէ այս պահին որևէ հանձնաժողով ստեղծել և փորձել խաթարել աշխատանքները:
«Վերջապես գտնվել է մի ընկերություն, որը հնարավորություն ունի 500 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում»,-հայտնեց Արմեն Մովսիսյանը: