▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել. հարուցվել է քրեական գործ

Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել արդյունագործական, գյուղատնտեսական և սոցիալական նպատակներով ձկնորսության, մասնավորապես «Սիգ» ձկնատեսակի օգտագործման ոլորտում: Այդ նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից պահանջվել և ստացվել են նշված ձկնատեսակի որսին, չափաքանակներին, ներմուծմանը, արտահանմանն ու արտադրությանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր ու անհրաժեշտ տեղեկատվություն, որոնք ուսումնասիրվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի լույսի ներքո:

 

Արդյունքում պարզվել է, որ «Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) վճարովի է, իսկ օգտագործման պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ կառավարության 22.08.2002թ. թիվ 1380-Ն և 10.07.2003թ. թիվ 884-Ն որոշումներով սահմանվել են գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգերը:

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` «ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2014-2019թթ. հրամաններում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակներ չեն սահմանվել, ինչպես նաև սիգի սիրողական որսի և ձկնորսության պայմանագրեր չեն կնքվել, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքում այս ձկնատեսակի որսն առհասարակ եղել է արգելված:

 

Սիգ ձկնատեսակի այլ վայրերում, բացի Սևանա լճից, հանդիպելու, դրա արդյունաբերական կամ արհեստական արտադրության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն չունի: Բացի այդ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013-2019 թթ. Հանրապետություն սիգ ձկնատեսակ չի ներմուծվել:

 

Մինչդեռ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից 2019թ. հունվարին կատարված ստուգմամբ Գեղարքունիքի մարզում գործող ՍՊ ընկերությունում արձանագրվել է պահեստում առկա 2018թ. մարտ ամսվա արտադրության շուրջ 6000 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկան պահածո: Նշված ընկերության կազմած թվով 20 գնման ակտերի համաձայն` ընկերությունը 2017թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ծովագյուղի ձկան շուկայից ձեռք է բերել շուրջ 11.550 կգ` ընդհանուր շուրջ 5 մլն. 600 հազ. դրամի սիգ ձկնատեսակ, պահեստավորել սառնարաններում և 2018թ. հունվար-փետրվար ամիսներին արտադրել սիգի պահածոներ:

 

Արարատի մարզում գործող մեկ այլ ՍՊ ընկերությունում կատարված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը ԼՂՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունից 2017թ. դեկտեմբերի 6-ին 4 մլն. 800 հազար դրամով ձեռք է բերել 10.000 կգ սիգ ձկնատեսակ:

 

Պարզվել է նաև, որ մեկ այլ ՍՊ ընկերության կողմից էլ 2018թ. մարտ-օգոստոս ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել շուրջ 14.876 կգ ապխտած սիգ ձուկ:

 

Նշված ՍՊ ընկերության կողմից դուրս գրված հարկային 2 հաշիվների համաձայն` վերջինս մեկ այլ ՍՊԸ-ից ձեռք է բերել 7.700 կգ կենդանի սիգ ձկնատեսակ` մատակարարման վայրը նշելով Վայոց Ձոր` «Հեր-Հեր» ջրամբար:

 

 «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն սիգ տեսակի ձկան  ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում յուրաքանչյուր կիլոգրամի համար պատճառված վնասի հատուցման նվազագույն սակագինը սահմանվել է 1000 դրամ:

 

Այսպիսով, հանրապետության տարածքում լիազոր պետական մարմնի կողմից սիգ ձկնատեսակի թե՛ արդյունագործական, թե՛ սիրողական որսի չափաքանակներ նախատեսված չլինելու, ինչպես նաև սահմանված կարգով արդյունահանման և սիրողական որսի համապատասխան պայմանագրեր կնքված չլինելու պարագայում, հանրապետության տարածքում 2017-2018թթ. կատարվել է սիգ ձկնատեսակի ապօրինի արդյունահանում, որի ծավալները վկայում են, որ այն կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առաջացրել է խոշոր` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարի վնաս, իսկ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված սիգ ձկնատեսակները առանձնապես խոշոր չափերով ձեռք են բերվել կամ իրացվել են այլ անձանց կողմից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու, 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված`         մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ արդյունահանելու, խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее