Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։
shamshyan.com-ի հաղորդմամբ Mercedes-ը վարել է Երեւանի բնակիչ՝ 51-ամյա Արսեն Սարգսյանը, Ford-ը վարել է 57-ամյա Մոհսեն Ֆարշբաֆին, իսկ կայանված Mitsubishi-ն պատկանել է Երեւանի բնակիչ՝ 58-ամյա Սամվել Սարիբեկյանին։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ford-ը կայանված չի եղել։ Վթարի հետևանքով էլ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Ա. Սարգսյանը, իսկ նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Վարդան Շահինյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սարգսյանն աշխատում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ՀՕՀ վարույթում՝ 11-րդ բաժնում գլխավոր օպերլիազոր, կոչումով փոխգնդապետ է, իսկ հիվանդանոց տեղափոխված Վ. Շահինյանը՝ նույն բաժնում՝ գլխավոր օպերլիազոր, կոչումով մայոր է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 25-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում Mercedes C 280 մակնիշի ավտոմեքենան բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ Այնուհետև Ford-ը, առաջ ընթանալով, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։