ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը նախքան «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Կառավարության ներկայացրած փոփոխություններին անդրադառնալը, ասաց, որ երեկ եղան գնահատականներ, դիրքորոշումներ քաղաքական մեծամասնության կողմից, որոնք հիմնազուրկ են.
«Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, մենք ձեզանից յուրաքանչյուրին առանձին-առանձին հարգում և գնահատում ենք՝ չհաշված մեկ-երկու բացառությունները: Չենք ընդունում ձեր հավաքական մոտեցումներն ու աշխատանքի մեթոդները: Մեզ դասեր մի՛ տվեք: ՀՅԴ-ն, նրա յուրաքանչյուր անդամ, եթե ձեր իշխանության ազդեցության տակ չի ընկնում, հանգիստ եղեք, ուրիշ որևէ մեկը չի կարող մեզ ուղղորդել, որովհետև ուղղորդում են գաղափարները, արժեքները: Եթե ձեր 70 հոգանոց խմբակցութունում պեղեք և գտնեք գոնե 5 պատգամավոր, ովքեր իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխատասիրությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, այդ ժամանակ իրավունք կունենաք խոսել: Կամ էլ դուրս եկեք, հարցում արեք և կտեսնեք հասարակության վերաբերմունքը Արծվիկ Մինասյանի և ձեր 10-յակ պատգամավորների հանդեպ»:
Անդրադառնալով թեմային՝ պատգամավորը հիշեցրեց Հովիկ Աբրահամյանի խոսքերը, համաձայն որոնց՝ նոր օրենքը լիելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված, բխելու է բոլորի շահերից, քննարկումներ են լինելու նախ քաղաքական ուժերի հետ: «Այս խոստումը չի կատարվել: Քննարկումների համար Կառավարությանը 4 հոգու ենք առաջարկել: Անցավ մեկ ամիս: Մի օր կառավարությունից զանգեցին, կանչեցին քննարկման: Ասացին՝ սա է մեր սցենարը, մենք սա ենք մշակել: Ասում ենք սա մշակում չէ, նույն բանը այլ անունով եք արել: Ասացին՝ սա է և վերջ: Դուք սա համարում եք քննարկո՞ւմ: Հերթական անգամ դուք դեմ եք գնում հանրության 90 տոկոսի շահերին»,-ասաց Աղվան Վարդանյանը:
Պատգամավորը նշց, որ վերջապես հասկացել է, թե ինչ էր նշանակում «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությունը:
«Սա բացվեց այս օրենսդրական նախաձեռնությամբ: Այն ընդամենը նշանակում է պարտադիր պետական համակարգի աշխատողների համար և պարտադրված՝ մասնավոր սեկտորի 90 տոկոսի համար: Ոչ թե պարտադիր, սակայն ոչ պարտադրված, այլ պարտադիր և պարտադրված»,-եզրափակեց Աղվան Վարդանյանը:
Անի Կարապետյան