ԱԺ-ում այսօր քվեարկության էր դրվել դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:
Ի սկզբանե դահլիճում լարված իրավիճակ էր: Նախ՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը, այդ իսկ պատճառով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ քվեարկեցին ձեռքով:
Նախքան քվեարկությունը ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը:
Այսօրվա նիստը աչքի ընկավ նաև լրագրողների ակտիվությամբ: Մի քանի լրագրողներ ֆլեշ մեբ կազմակերպեցին՝ «Խելքի եկեք, արա» գրությամբ պաստառներով:
Կրկնակի հաշվարկի արդյունքում՝ արձանագրվեց ձայների հետևյալ թիվը՝ 72 կողմ: Ավելի ուշ ԱԺ 4 Խմբակցություններ համատեղ հայտարարություն տարածեցին՝ շեշտելով, որ .ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն յոթ անդամից առնվազը 4-ի կողմ լինելու դեպքում: Սակայն հանձնաժողովի յոթ անդամներից չորսը՝ Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Թեւան Պողոսյանը (ժառանգություն) չեն մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որեւէ գործընթացի: Այս և այլ մի շարք կետերով պայմանավորված ընդդիմադիր պատգամավորները հաստատեցին, որ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ: