ՀՀԿ-ում քննարկումներ չեն եղել, որ եթե այնուհանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, իրենք վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե`ոչ: Այս մասին այսօր ԱԺ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: Բայց հավելեց`մեկ, չէ, երկու չէ, տաս հոգի էլ կան իրենց շարքերում, ովքեր կարող են վարչապետ աշխատել:

«Հանրապետականի քայլերի մասին հետո, շատ հետո տեղյակ կլինեք»։
Սահակյանն ասաց, որ իշխանության կողքին այսօր բնակչության 30 տոկոսն է կանգնած, ինչը երևաց ավագանու ընտրություններից հետո։ Ըստ Սահակյանի՝ հաշվի առնելով, թե ընտրողների քանի տոկոսն է մասնակցել քվեարկությանը և քանիսն է այդքանից կողմ քվեարկել «Իմ քայլին», ստացվում է, որ իշխանությունն այսօր ունի 30 տոկոսի աջակցությունը։

«30 տոկոս կողմնակից ունեն», - ասաց նա։
Իսկ լրագրողի հարցին, թե եթե ժողովուրդը, կրկին շրջափակի ԱԺ շենքը, ինչ կանեն, Սահակյանը պատասխանեց. «Ժողովուրդ մի՛ ասեք, ասե՛ք՝ մասսա: Հա, ի՞նչ անենք, թե 50 հազարն էին: Ես բոլոր հավաքները գիտեմ ինչպես են կազմակեպում, ինչի համար են կազմակերպում: Էնպես որ ինձ էտ հարցը մի տվեք»:


