Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի պատճառով, գրում է ԲԵԼՏԱ-ն: «Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի դիմաց մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, դեսպանատանը հասցված վնասի և տեղի ունեցածը կանխելու ուղղությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ակնհայտորեն անբավարար միջոցներ ձեռնարկելու մասին»,- ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը։ Հանդիպմանը հայկական կողմին մատնանշվել է ընդունող պետության պարտավորությունը՝ Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության և նրա ունեցվածքի անվտանգությունը, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությունն ապահովելու հարցում՝ սահմանված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով։ Բելառուսական կողմը հույս է հայտնել, որ «վանդալները կբացահայտվեն, կփոխհատուցեն պատճառված վնասը և կպատժվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Հիշեցնենք՝ այսօր «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր թիմակիցների հետ ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ է նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ։ |
Բաբաջանյանի ակցիայի պատճառով՝ ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Բելառուսի ԱԳՆ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet