▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում խուճապի մեջ են

Բաքվում որոշում է կայացվել փակել Ադրբեջանում ԵԱՀԿ համակարգողի գրասենյակը: Այդ մասին «Թուրան» -ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:

«Թուրան»-ը նաև տեղեկացնում է, որ համապատասխան նամակը հունիսի 3-ին ուղարկվել է Վիեննայում գտնվող ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակ:

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է,  որ Բաքվում այլևս ԵԱՀԿ-ի ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտություն չի տեսնում: Այդ պատճառով Ադրբեջանը 2015 թվականի հունիսի 4-ից ուժը կորցրած է համարում 2014 թվականի սեպտեմբերին ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի կառավարության միջև ստորագրված հուշագիրը:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը այս քայլը անսպասելի է համարում.

«Պետք է նշել, որ սա Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի հարաբերությունների առաջին սառեցումը չէ: 2 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները ԵԱՀԿ գրասենյակի ստատուսը բավականին իջեցրեցին՝դարձնելով օֆիս:

Սա կապում են տարբեր հարցերի հետ: Վերջերս Ադրբեջանի իշխանությունների հասցեին ակտիվացել են քննադատությունները՝  կապված, օրինակ, քաղբանտարկյալների հետ: Բաքուն, ըստ էության, փորձեց ցույց տալ, որ ոչ ոք իրավունք չունի խառնվել իր ներքին գործերին»,-նշեց Սարգիս Ասատրյանը:

Ադրբեջանագետի փոխանցմամբ՝ Ադրբեջանի շուրջ օղակը գնալով սեղմվում է, այն կապված է նաև առաջին Եվրոպական խաղերի հետ, որոնք կայանալու են այդ երկրում. քանի որ որոշ շրջանակներ դժգոհել են, որ սպորտային այդ իրադարձությունը Բաքվում է տեղի ունենում: Այն Եվրոպայի հետ քիչ կապ ունի:

«Տարօրինակ է այն, որ խաղերի նախաշեմին են Եվրոպայի հետ հարաբերությունները սրվում: Սա խոսում է այն մասին, որ Բաքվում խուճապի մեջ են.իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, ցույց տալ, որ իրենք Եվրոպայի քաղաքակրթության մի մասն են, մյուս կողմից հակաքայլեր են անում եվրոպական կառույցների նկատմամբ»,-ասաց Սարգիս Ասատրյանը:

Ադրբեջանագետի  խոսքով՝ այդ երկրի ԱԳՆ-ն այս առիթով որևէ հայտարարություն դեռևս չի տարածել.

«Իրենց ԱԳՆ-ն լուրջ հարցերով է զբաղված, ներսում գզվռտոցներ են սպասվում»,-եզրափակեց Սարգիս Ասատրյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее