▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարոյական զսպաշապիկ չունեցող քաղաքացիները մի քանի 1000 դրամով վաճառեցին իրենց ձայնը

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ խորհրդարանական համակարգը թերություններ չունի, ուղղակի որոշ երկրներում կան տարբերակներ, որոնք լավ չեն աշխատում:

«Աշխարհում չկա գեթ մեկ դեմոկրատական երկիր, որում խորհրդարանական համակարգ չէ: Մենք իդեալական տարբերակ չենք ընդունել, կան բազում թերություններ.կայուն մեծամասնության, քաղաքացիությունից զրկելու անհնարինության կետերը: Անհրաժեշտ է փոխել նաև այն կետը, համաձայն որի՝ քաղաքացին կարող է որոշ դեպքերում հանձնվել օտար պետությանը,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Մարտիրոսյանը:

Խոսելով կուսակցությունների վերադասավորման մասին՝ նկատեց.

«Քաղաքական կյանքում ամեն ինչ հնարավոր է.գուցե բարձրանա ՀՅԴ-ի դերը, որը վերջին տարիներին անկում էր ապրում: ԲՀԿ-ի դեպքում էլ՝ գրեթե վստահ եմ, որ կկատարի նույն դերը, ինչը որ հիմա է: Կփորձեն հարություն տալ «Օրինաց երկիր» կուսակցությանն ու նոր իմիջով մտցնել քաղաքականություն»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, քաղաքագետը նշեց, որ  կոալիցիան կլինի փորձ՝ ցույց տալու, որ խորհրդարանական համակարգն աշխատում է.

 «Հնարավոր  է՝ ՀՅԴ-ն, «Օրինաց երկիր»-ը և ԲՀԿ-ն կոալիցիա կազմեն»,-ասաց Հայկ Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է  ընդդիմությանը, քաղաքագետի խոսքով՝ ընդդիմություն կա, գուցե մենք չենք տեսնում.

«Այն, ինչ կա՝ թույլ է, ջլատված ու ոչ կազմակերպված: Թերևս Նիկոլ Փաշինյանի ուժը կստանա առաջնություն՝ ընդդիմության դաշտում»:

Անդրադառնալով ընտրախախտումներին՝ Հայկ Մարտիրոսյանը ցավ հայտնեց, որ այդ երևույթը մենք չենք կարողանում հաղթահարել.

«Ընտրախախտում  կատարում է ժողովուրդը: Նրանք հայ են, ՀՀ քաղաքացի, որոնք չունեն բարոյական զսպաշապիկ: Հիմնական խնդիրը պետք է լինի՝  փոխել հասարակության այդ հատվածի մենթալիտետը, բարոյական բնույթը, մակարդակը: Մոռանում ենք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններն մի քանի 1000 դրամով քաղաքացիները վաճառեցին իրենց ձայնը»,-եզրափակեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее