Միլիոն տարի առաջ էր, երբ առաջին անգամ այցելեցի Գառնի-Գեղարդ, շատ փոքր էի, բայց շատ պարզ հիշում եմ առաջին տպավորությունս՝ սարսուռն էր, ակնածանքը, մի անբացատրելի վախ և թրթիռ...Ես փոքրիկ էի, իսկ Գառնու տաճարի սյուները՝ հսկա եւ անհասանելի...երկար ճանապարհ էինք անցել Երեւանից եւ մենք՝ ինձանից ավելի փոքր քույրս, եղբայրս եւ ես քաղցած էինք, բայց մայրս մեզ արգելեց անգամ բուլկի ոտել տաճարի տարածքում.«Չի կարելի,-ասաց, -սա սուրբ վայր է, համբերեք»: Մենք երեխա էինք եւ համբերեցինք... Տարիներ անց , նաեւ այսօր, երբ Գառնի եմ գնում, հիշում եմ մորս ձայնը, ինձ համակած անբացատրելի սարսուռը եւ ակնածանքը.. Վերջին անգամ Գառնիում եմ եղել մեկ տարի առաջ.....
Սա, որպես հուշ, իսկ ավելի խիստ, ասելիքս այն է, որ հերիք եղավ, բավական է ամեն ինչ չափել փողով եւ փորով, հերիք եղավ անհարկի եւ անտեղի փորձել ապացուցել, որ մարդը միայն հացիվ է եւ ոգու սովն է սպառնում..հերիք եղավ, Գառնին սրբություն է, Գառնին պատմություն է, մշակույթ, հիշողություն, իսկ հիշողության վրա հաց չեն ուտում, հիշողությունը գուրգուրում են, փայփայում, խնամում եւ գնահատում....
Թե ով կամ որ կազմակերպությունն է նման միտք հղացել եւ իրականացրել Գառնու տաճարի մոտ կորպորատիվ կամ նման մի բան կազմակերպելը, արդեն կարեւոր էլ չէ՝ սա պետության կողմից պահպանվող հուշարձան է եւ հենց պետությունը, այս դեպքում, կարծում եմ, մշակույթի նախարարությունը պետք է համարժեք պահվածք ունենար եւ մերժեր ցանկացած առաջարկ, անգամ եթե այդ առաջարկը գայթակղիչ է եւ շահեկան, ոչ ոք իրավունք չունի մեր պատմական հուշարձանների հետ վարվել վայրագի պես, մենք մեր հուշարձանների հանդեպ այսպիսի վերաբերմունք իրավունք չունենք ունենալ, մենք անցողիկ ենք, հուշարձանները՝ հավերժ./եթե կարողանանք պահպանել/, եթե մենք մեր հողի վրա ենք այսպես անգրագետ եւ անխնա, ուրիշից ինչպես պահանջենք հարգել մեզ , մեր պատմությունը եւ մեր պատմական հուշարձանները...կարծում եմ, մեղավորները պատժի են արժանի , նորից այսպիսի սխալներն աններելի են....
Ես, որպես ԱԺ պատգամավոր դատապարտում եմ կատարվածը:
Հիշեցնենք, որ հասարակության զայրույթը` կապված Զվարթնոցի տաճարում կազմակերպված փարթիի հետ չանցած, երեկ նման միջոցառում է կազմակերվել Գառնիի տաճարի բակում, ինչը կրկին դժգոհությունների ու բողոքի ալիք է բարձրացրել: