Հուլիսի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է․Թ․-ն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեխան նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 7-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից։ Այդ օրը ժամը 12։00-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։50-ի սահմաններում Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակում 38-ամյա Մ․Ս․-ն կանգնել է սեղանի վրա, որպեսզի մաքրության աշխատանքներ կատարի, սակայն սեղանը կոտրվել է և Մ․Ս․-ն կոտրված սեղանի բեկորների հետ միասին ընկել է Է․Թ․-ի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Օրեր շարունակ բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն ապարդյուն։ Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։