«Չենք լռելու»-ին է դիմել Մանվել Քեշիշյանը՝ պատմելով իր հոր հետ պատահած դեպքի մասին:
Աշտարակում բնավող երիտասարդի հոր՝ Կարապետ Քեշիշյանի, առողջական վիճակը կտրուկ վատանում է սեպտեմբերի 23-ի ցերեկը: Շտապ օգնությունը հասցնում է հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվում է վերակենդանացնել մի քանի րոպե մահացածին: Այնուհետև մայրաքաղաքից հրավիրվում է ռեանիմոբիլ, որի բժիշկը վիճակը գնահատում է ծայրահեղ ծանր, ապրելու հավանականությունը՝ 0 տոկոս:
Քեշիշյանի խոսքերով, Աշտարակի հիվանդանոցում անհրաժեշտ սարքավորումներ չկան, ու այդտեղ երկար մնալը վտանգավոր էր: «Մեր ստորագրությամբ համաձայնում ենք հորս տեղափոխել Երևան: «Քանկոր» բժշկական կենտրոնը համաձայնում է ընդունել նրան»: Դա, որքան ուրախացնում է շոկի մեջ գտնվող հարազատներին, այնքան էլ ապշեցնում է շտապօգնության բժշկին. սրտաբանի հետ հեռախոսազրույցում նա մի քանի անգամ հարցնում է՝ իրո՞ք պատրաստ են ընդունել նման ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդի:
«Ստանալով դրական պատասխան՝ երջանիկ պատահականությամբ հասնում ենք հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշում են սուր ինֆարկտ: Ելքը՝ տեղադրել երեք «ստենտ»: Առաջարկում են տեղադրել ծածկույթովը: Դա, թեպետ թանկարժեք է, բայց ունի առավել մեծ երաշխիքներ: Վստահելով բժշկի խոսքերին՝ միանշանակորեն համաձայնում ենք ու ստորագրում պայմանագիրը, որն այդ պահին այնքան էլ կարևոր չէր թվում: Մեզ համար առաջնայինը բժշկի հետ հուսադրող զրույցն էր, որի ընթացքում ոչ մի անգամ չի զգուշացվել բարձր ռիսկի մասին: Արդյունքում վճարեցինք ընդհանուր 3.746.000 դրամ: Հաջորդ օրը հայրս գիտակցության չի գալիս. չի ընկալում՝ որտեղ է գտնվում, խառնում է ժամանակագրությունը, հազիվ է ճանաչում հարազատներին: Բժիշկները մեզ հորդորում էին,որ դա 99 տոկոսով անցողիկ է, իսկ ֆիզիկական վիճակը՝ կայուն»,- ասում է Մանվել Քեշիշյանը:
Հիվանդի առողջական վիճակը կեսգիշերին սկսում է կտրուկ վատանալ: Առավոտյան 6-ի մոտակայքում բժիշկը հիվանդանոցում գտնվող հարազատներին հավաստիացնում է, թե ամեն ինչ նորմալ է և ուղարկում է տուն: «Դրանից հետո հորս վիճակը նորից վատանում է, և, ինչպես ավելի ուշ հավաստիացնում էր սրտաբանը, առանց մեր համաձայնության, տեղադրել է 4-րդ «ստենտը»՝ ըստ իրեն, հիվանդին փրկելու միտումով: Սակայն, հայրս մահանում է առավոտյան 7:45»,- պատմում է Մանվել Քեշիշյանը:
Հաջորդիվ բուժկենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը դա որակում է «աբսուրդային երևույթ» ու բացատրում մահը «գերբնական ուժերի ակտիվ ներգործությամբ»:
«Այնինչ, ընդամենը երկու օր առաջ, մինչ երեք հատ «ստենտ» մեր վրա վաճառելը, ապրելու շանսերի բացակայության մասին զգուշացնում էին միայն ռեանիմոբիլի բժիշկները, իսկ «Քանկոր»-ում նախապես չէին զգուշացրել մահվան հնարավոր ելքի մասին»,- ասում է Քեշիշյանը՝ ՀՀ իշխանություններից խնդրելով հետամուտ լինել անպատասխանատու բժշկությամբ զբաղվող դե ֆակտո բիզնես-կենտրոնների արտոնագրից զրկմանը և դիակից շահույթ ստացող մասնագետներին պատասխանատվության ենթարկելուն:
«Չենք լռելու»-ն պահանջում է «Քանկոր» սրտանոթային կենտրոնի և առողջապահության նախարարության պարզաբանումները տեղի ունեցած դեպքի վերաբերյալ: