Փաստորեն, Ուորլիքը ժողովրդական ճնշման տակ ստիպված եղավ իր նախկին ասածները մեղմող հայտարարություն անել, որ այդ 6 սկզբունքները պարտադիր չեն, դրանք կարող են փոփոխվել: Իհարկե, միջնորդական գործունեությունը չունի պարտադրական բնույթ, այլապես դա այլևս միջնորդություն չի լինի, սակայն դա չի նշանակում, որ այն կարող է բանակցային բալանսը խախտող հայտարարություն անել. չէ՞ որ, դա կարող է վտանգել առանց այն էլ փխրուն կայունությունը և հանգեցնել կողմերից մեկի դիրքորոշման կարծրացման: Սա նման է դիրքորոշման աստիճանական կոշտացման կամ ինչ-որ պահի նոր պահանջների առաջ քաշման տակտիկային, որը բանակցային գործընթացը մտցնում է փակուղի, առավելևս, այս դեպքում, երբ կողմերի շահերը խաչաձևվող են՝ կոնֆլիկտային: Իսկ Ուորլիքի խոսքում կար ավելի նրբերանգային ակնարկ. «Չնայած անհամաձայնություններին, պետք է ինչ-որ ելք գտնել, որովհետև ամենավատ տարբերակը կարող է լինել պատերազմական գործողությունների վերսկսումը»: Սա անզգույշ խոսք էր կամ, գուցե, դիտավորություն. ի՞նչ է նշանակում «ելք գտնել, որ պատերազմ չլինի», և այդ ելքը նրա նշած «օկուպացված տարածքների վերադարձն է ու Ադրբեջանի սուվերենության հարգումը»: Այսինքն, բոլորը պետք է բավարարեն Ադրբեջանի՞ շահերը կամ դիրքորոշումը, որպեսզի պատերազմ չլինի և դա անեն Հայաստանի կամ Արցախի հաշվի՞ն: Փաստորեն, նա իր «պարտքը» համարեց զգուշացնել, որ այսպիսի տարբերակն է ընդունելի, այլապես պատերազմը չի բացառվում, իսկ այդ դեպքում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կդիտվի ինբրև, այսպես կոչված, լեգիտիմ պատերազմ: Ժամանակը չէ՞, արդյոք, որ հայկական կողմերն էլ գնան դիրքորոշման կոշտացման, որովհետև, որքան նրանք մեղմացնում են իրենց դիրքորոշումները, այնքան կոշտանում և ընդունվում է Ադրբեջանինը: Պարոն Ուորլիք, ԼՂՀ իշխանությունը վաղուց արդեն դե յուրե է, եթե փորձեք ձեր մտքում սահմանել, թե ինչ է պետությունը, ձեզ կբռնեցնեք հենց այդ մտքի վրա, սա՝ իմիջիայլոց...
Բոլորը պետք է բավարարեն Ադրբեջանի՞ շահերը, որպեսզի պատերազմ չլինի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet