Արգենտինայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինյան La Nacion պարբերականին։ Հարցազրույցը ներկայացրել Inosmi.ru-ն.
-Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը սպառնացել էր գրավել Երևանը, եթե Հայաստանը չվերադարձնի Լեռնային Ղարաբաղը։ Այս պահին իրավիճակն ավելի մոտ է պատերազմի՞ն, թե՞ խաղաղությանը։
- Մենք չենք բացառում ռազմական գործողությունների սկսվելու հնարավորությունը։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը նման գործողությունների հնարավորություն չունի։ Նա իրոք մեծ գումարներ է ծախսում ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու համար, սակայն դա հաղթանակ չի երաշխավորում։
-Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու ձգտումը, որը գլխավորում է Ռուսաստանը, պայմանավորվա՞ծ է արդյոք հնարավոր ագրեսիայից Հայաստանը պաշտպանելու համար ուժեղ դաշնակցի որոնումներով։
-Այն, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նոր փաստ չէ։ Ավելի քան 20 տարի առաջ մենք Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության անդամ ենք դարձել, և այս տարիների ընթացքում Ռուսաստանի հետ համագործակցության տասնյակ համաձայնագրեր ենք կնքել։
-Այո՛, բայց Ռուսաստանը վերջին շրջանում Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք է մատակարարել ...
-Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես չեմ կասկածում, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները։