Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Ծաղկաձոր համայնքում:
Սպանվել է Վարդան Առաքելյանը, որը հայտնի է «Ծռի Վարդան» մականունով:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Ծաղկաձոր քաղաքի բնակչի (ծնված 1974թ.)` բազմաթիվ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում, «Հրազդանի ԲԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 10-ին` ժամը 21:00-ին: Բժշկական կենտրոնից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում գտնվող տներից մեկի մոտ: Դիակի զննությամբ տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ, դեպքի վայրի զննությամբ՝ կրակված պարկուճներ և արնանման հետքեր: Ձեռնարկվում են միջոցառումներ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: |