▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծի ենթարկող անչափահասներից մեկն «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդին է եղել

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Տավուշի Զորական գյուղի բարձր դասարանի մի քանի աշակերտներ ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային։ Տեսանյութը, որը նկարահանվել է ծեծկռտուքի մասնակից անչափահասների կողմից, տարածում է գտել սոցցանցերում։

ՀՀ քննչական կոմիտեից «Արմենիա Սպուտնիկ»-ին հայտնել են, որ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Ըստ տեղեկությունների՝ ծեծի ենթարկող անչափահասներից մեկը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է եղել:

***

Հասարակական գործիչ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս տեսանյութը դիտել չկարողացա, խիստ անընդունելի ու դատապարտելի է. մարդը մարդուն գազան ժամանակակից սերիալների վաստակած ժառանգությունն է....
Բայց շատ կարևոր հարցեր՝ դեպքը կատարվել է փաստորեն սեպտեմբերին, իսկ հրապարակվում է հիմա, ինչու, ինչու հենց այն երեկո, երբ ողջ հասարակությունը իր գարշանքն ու հանդիմանանքն էր արտահայտում ծախված հոգևորականների անընդունելի վարքի հանդեպ.... չէի՞ն սպասում նման ընդվզում հասարակության կողմից և շրջանառեցի՞ն ավելի սարսափազդու բարոյական անկման դրվա՞գ... չնայած դրանք խիստ տարբեր մակարդակների անբարո ու ոչ ՏՂԱՅԱԿԱՆ դրսևորումներ են:
Երկրորդ. նկարահանողն ո՞վ է, ինչո՞ւ է նկարահանվել, նա նյութը հրապարակելով չի՞ վախենում նույն ծեծողներից.....
Հարցեր, հարցեր, հարցեր.....»:

***

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զորական գյուղում տեղի ունեցած դեռահասի ծեծի դաժան տեսարանն ապացույցն է բռնության մշակույթի և մեր հանրության մեջ սամասուդի մեթոդների առկայության։ Ցավոք նման դեպքեր բազմաթիվ են, եթե այս մեկը տարածվեց համացանցում, ապա շատ ու շատ նման դեպքեր մնում են չբարձրաձայնված։
Դեռահասների հետ կատարվողը արտացոլումն է այն տեսարանների, որոնց մենք ականատեսն ենք լինում Հայաստանի կառավարման բարձր մարմիններում։ Քանի՞ անգամ ուղիղ տեսախցիկների առաջ խորհրդարանում ձեռնամարտ, վիրավորանք ու նվաստացում տեսանք, ի՞նչ հետևություն արեցինք՝ ոչ մի։
Երեխաները, իսկապես, մեր հասարակության արատներն արտացոլողն են, ու էլի ցնցվելու ենք ամեն նման դեպքից, քանի դեռ չենք վերանայել մեր վարքը մենք` իբրև թե հասուն տարիքի և ծնող հանդիսացողներս»։

***

Ո՛չ երեխաները, ո՛չ էլ ծնողները հիմա իրար հետ ոչ մի խնդիր չունեն, չեն էլ կարող ունենալ։ Էրեխություն են արել՝ դեպքը ստացվել է»,- Այսօր․am-ի հետ զրույցում ասել է Զորական համայնքի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ խոսել է ծեծի միջադեպի մասնակից տղաների հետ, ովքեր իրենց մեղքն ընդունել են։ «Իհարկե մեղք զգում են։ Տարել են էրեխեքին, իրար հանդիպել են, դատարանում էլ են իրար տեսել, խոսել այդ մասին»,-ասաց նա։

Մարտիրոսյանը բացառեց ծնողների միջև թշնամանքի և վեճի շարունակությունը, համոզմունք հայտնելով, որ խնդիրն ավելի արագ կհարթվեր, եթե այսքան աղմուկ չբարձրացվեր և տեսանյութը չտարածվեր։

Նա ներկայացրեց միջադեպի մանրամասները․ «Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերին, համայնքի տարածքից դուրս՝ Նոյեմբերյանում։ Եղել է դպրոցից հետո՝ ժամերը հաստատված են։ Ուրիշ գյուղի բնակիչներ էլ են եղել, ովքեր մերոնց սուտ թե ճիշտ ասել են՝ Ալենը ձեզ վարկաբեկել է, սա է ասել, նա է ասել, սենց է արել, նենց։ Մեկ էլ պատահական իրար «ռաստվել» են՝ վեճն առաջացել է»։

Նա նշեց, որ իր գյուղի բնակիչ տղային ծանր մարմնական վնաս չի հասցվել։ «Դատաբժշկական փորձաքննություն են արել, հաստատվել է, որ լուրջ բան չի եղել, երեխային ծանր մարմնական վնաս չի եղել»,- ասաց Մարտիրոսյանը։

Համայնքի ղեկավարը նշեց, որ գործը հարուցվել է ոչ թե տղայի ծնողների բողոքի հիման վրա, այլ տարածված տեսանյութի հիման վրա։ «Հիմա գործը իրավապահները քննել են, տվել են դատարան։ Մարդ կա՝ երեխեքից կալանավորված է, մնացածը 20 օր կալանք են կրել։ Դատը դեռ շարունակվում է, քննություն են անում։ Էլ ի՞նչ են ուզում։ Ինչքա՜ն վիրավորական է ծնողի համար այս ամբողջը։ Ծնողը չի ուզի, չէ՞, որ իր երեխայի տեսանյութը տարածվի, ու ով ինչ ուզենա՝ տակը մեկնաբանություն գրի»,- ասաց նա։

Սուրեն Մարտիրոսյանը հավելեց, որ այս պահին Ալենը և նրա հայրը իր մոտ են, և նա նաև խոսել է համայնքի մյուս երեխաների ծնողների հետ։ «Նրանք էլ են վատ զգում՝ տեսանյութը տարածելու և մեկնաբանությունների համար։ Հասկանո՞ւմ եք՝ իրենք էլ են մեղքը ընդունում, իրենք էլ լավ օրին չեն։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ ձեր երեխան մի սխալ անի… էս հոշոտումներից, էդքան կեղտոտ բառերից ու մեկնաբանություններից ծնողները ինչ վիճակում կլինեն։ Նրանց վիճակն ավելի վատ է։ Լավ, սխալ են արել, պատժվել են, իրենց կալանքը կրել են, բայց նրանց հոգեվիճակի մասին պատկերացնո՞ւմ ենք։ Օրենք կա, որը հենց սխալներն ուղղելու համար է։ Էլ մյուս կոչերը ինչի՞ համար են», — ասաց նա։

Հարցին, թե հաստատում է արդյոք, որ ծեծի ենթարկող երեխաներից մեկը Արմավիրի ԿՔՀ-ի պետի տեղակալն է, համայնքի ղեկավարը պատասխանեց․ «Գիտեք ինչ կա, մեկը պետի տեղակալին չի սիրում՝ նրա մասին է գրում, մյուսը գյուղապետին չի սիրում՝ նրա մասին է գրում, մեկը դպրոցի տնօրենին չի սիրում՝ նրա մասին է գրում։ Հիմա պետի տեղակալը կուզե՞ր, որ նման բան լինի, կամ ես կուզեի՞։ Բոլոր դեպքերում ես այս ընտանիքի կողքին եմ, իրենք շատ լավ գիտեն, որ միշտ էլ իրենց կողքին եմ եղել։ Այսօր էլ Ալենի ծնունդն է, ամեն ինչ կանենք, որ խնդիրը հարթվի՝ գնա»։

Հիշեցնենք, որ երեկ համացանցով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Հետագայում պարզվեց, որ բռնություն ենթարկողներից մի քանիսը Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներն են, իսկ ծեծի ենթարկվող տղան՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողից էր, նույնպես զորական համայնքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее