▲ Դեպի վեր

Среда, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Չեք իջնո՞ւմ, մենք էլ ճանապարհը կփակենք»․ բնակիչներ

Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշենի 6-րդ փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպի իրենց։ Սակայն ոչ ոք չի իջնում, փոխարենը քաղաքապետարանի շենքի պատուհաններից հետևում են ցուցարարներին։ «Չեք իջնո՞ւմ, մենք էլ ճանապարհը կփակենք»,- ասացին նրանք՝ փակելով դիմացի փողոցը։ «Կձերբակալենք, եթե ճանապարհը չբացեք»,- զգուշացրեց ոստիկանը։ «ՔՊ իջի, ՔՊ իջի»,- սկսեցին վանկարկել բնակիչները։

***

«Լսեցին, որ ուզում ենք խաչմերուկը փակել, դրա համար միանգամից էս զորախումբը բերեցին»,- ասում է քաղաքապետարանի դիմացի փողոցը փակած ակցիայի մասնակիցը՝ շարունակելով․ «Դե փորձվի՝ մի ոստիկան մոտիկանա ինձ»։
Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին, քանի որ Վարդաշենի 6-րդ փողոցի վթարային երկու շենքերի բնակիչները փակել են Արգիշտի փողոցը։ Նրանք պատրաստվում են հաջորդիվ փակել Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկը։ Հավաքվածները պահանջում են, որպեսզի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կատարի իր նախընտրական խոստումը, իրենց ապահովի նոր բնակարաններով։

***

«Այցելել և տեղում տեսել ենք, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում երկու շենքերի բնակիչները։ Տարհանումը հրատապ խնդիր է։ Մարդկանց կյանքը վտանգված է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով Վարդաշենի 4-րդ կարգի վթարային երկու շենքերին, որոնց բնակիչները քաղաքապետարանի դիմաց ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց ապահովել տներով։ «Թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքային իշխանությունները պարտավոր են անհապաղ լուծել այս մարդկանց խնդիրը։ Այլապես անդառնալի հետևանքների առաջ կարող ենք կանգնել։ Առաջարկում եմ իրենց թանկարժեք ամենագնացներով այցելել Վարդաշեն 6-րդ փողովում գտնվող հանրակացարանային 68ա և 66/1 շենքեր, որից հետո որոշում կայացնեն՝ արդյո՞ք իրենք կարող են ապրել նման պայմաններում»,- ասաց Աղեկյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее