2011 թվականի նոյեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը Հայաստանում ազդարարեց նոր դարաշրջանի մեկնարկը: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` մեջբերելով նախագահի խոսքերը.
«Այո', մենք կանգնած են նոր սկզբի առջև. գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»: Ըստ ամենայնի, սա վերցրել էր եվրոպական որևէ գործչի ճառից, որովհետ ժամանակակից աշխարհում, իրավական երկրներում բիզնեսի և իշխանության տարանջատումը չափազանց կարևոր է: Հայտարարությունից երկու տարի անց ձևավորվում է կառավարություն, որի անդամներից առնվազն 5-ը կարող են հավակնել Հայաստանի 20 ամենահարուստ անձանց ցուցակում տեղ զբաղեցնելու համար: Իսկ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը ընդհանրապես եռյակի հավակնորդներ են: Հովիկ Աբրահամյանը անկախության տարիներից սկսած գրեթե անդադար պետական պաշտոններ է զբաղեցնում: Պետական պաշտոնյա լինելու ընթացքում դարձել է ՀՀ ամենախոշոր սեփականատերերից մեկը: Հազարավոր հեկտարներով հողեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ, իսկ Երևանի փոքր կենտրոնում որ շենքի տակ կանգնում ես` ասում են այս շենքում Հովիկ Աբրահամյանը երկու հարկ ունի: Դավիթ Հարությունյանն էլ այնքան անշարժ գույք է հայտարարգրել, որ տպավորություն է, թե վերջին 20-25 տարում ոչ թե պետական պաշտոնյա է եղել, այլ անշարժ գույքի գործակալ: Դժվար է հասկանալ, թե Գագիկ Խաչատրյանն ինչով է զբաղված: Ինչ մասին խոսում ես, ասում են նրանն է: Էս կառավարությունն էլ ունի օֆշորային սկանդալ»,-ասաց պատգամավորը` հավելելով.
«Ուրախանում ենք, ասելով, թե 5 միլոն դոլար են հայտարարագրել: Իրենք մտքում ծիծաղում են` ասելով, թե այդ ինչ թվեր է, որ մեզ եք վերագրում: Մարդիկ հաստատ վիրավորվում են: Ձեզ թվում ա` կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի է՞: Սա է կոռուպցիան: Հովիկ Աբրահամյանը գյուղացիների վիճակը բարելավելու մասին է խոսում: 2006 թվականին նա եղել է տարածքային կառավարման համակարգող նախարար` համակարգելով նաև գյուղատնտեսության ոլորտը: Ու 1.2 միլիոն դոլարի շահույթ է ստացել գյուղմթերքի վաճառքից: Իսկ այդ ընթացքում հազարավոր գյուղացիներ ընկել են տոկոսի տակ, տներն են վաճառել: Գյուղատնտեսության մասին որ խոսում եք, դա Ձեր մասին եք խոսում: Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանին...Ucome ընկերություն կա: ՊԵԿ-ը հանկարծ սկսել է հրաժարվել «ԱրմենՏելի» ծառայությունից ու սկսել է Ucome քաշել: Հարցնում, ասում են այս ինչ է: Ասում է, թե ես կապ չունեմ, ՊԵԿ-ի աշխատակազմի ղեկավարն է կնքում պայմանագիր: Ինքը ՊԵԿ-ի նախագահն է, բայց տեղյակ չէ: Իսկ այդ ընկերությունը իրեն է պատկանում: Մի ուրիշ ընկերություն էլ, որ գրանցված է իր տան հասցեով, միլիոնավոր դոլարների շահույթ է ստանում` ՀԴՄ-ների ժապավեններ վաճառելով; Մարդը զբաղված է թուղթ ներմուծելով: Ասում է` ես կապ չունեմ, տղես ա, հորեղբորս տղան ա: Ու այս ֆոնին Հովիկ Աբրահամյանն ասում է, թե նույնիսկ ընտանիք չեք պահում: Բա ճիշտ եք ասում: Դեռ մոռացաք ասել, որ ես 3.5 տարի երբ բանտում էի, ընտանիքս է ինձ պահել: Բա ընտանիք պահողը իհարկե դուք եք: Այ, մարդ ձեր նման պետք է ընտանիք պահի: Ընտանիք եք պահում ու ձեր պահած ընտանիքների ֆոնին ՀՀ-ում 200.000 ընտանիք աղքատ է, հացին «կակա » ա ասում»,-նկատեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կառավարությունն իր ծրագրում գրում է, թե պետք է ազգային բրենդի ծրագիր մշակել: «Ոչ մի բան գտնելու կարիք չկա: Այս կառավարությունը որ կա, բրենդը հայտնի է: ՀՀ-ն ունի մեկ ազգային բրենդ, դա կոռուպցիան է»,-ասաց նա:
Անդրադառնալով կառավարության ծրագրին Նիկոլ Փաշինյանը նկատեց.«Երբ ծրագիրը ուշադիր կարդում ես, տպավորություն է, թե իրենց բիզնես-պլանն է գրած»:
Պատգամավորը նշեց, որ երկրում աղքատությունը 32.5 տոկոս է: Դրա փոխարեն կա վարչապետի` գյուղատնտեսությունից ստացած գերշահույթը: «Հիմա որ փաստերը համադրում ենք, ստացվում է, որ Ձեր մոտ պետություն կառավարելը լավ չի ստացվում, պոմիդոր աճեցնելն է լավ ստացվում: Գուցե միանգամից դրանո՞վ զբաղվեք»,-հարցրեց պատգամավորը:
Անի Կարապետյան
Տեսանյութը` a1plus.am-ի