Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 46-ամյա Գագիկ Մկրտչյանը:
shamshyan.com-ն է գրում և նշում, որ վերջինս հայտնաբերվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների, հետո արդեն ոստիկանության Բաղղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ- հետախուզական աշխատանքների արդյունքում և կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 25-ին Արմավիրի մարզում անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում այդ գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիների նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություն, իր սպիտակ գույնի ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է 16-ամյա աղջիկների առջև, իջեցրել է տաբատը և երեխաներին ցույց տվել սեռական օրգանը: Ու երբ երեխաները դիմել են փախուստի, ճիվաղը նրանց հետևից բղավելով ասել է՝ շրջվեք և նորից տեսեք, որպեսզի տանը ոչինչ չասեք:
Արմավիրի մարզի և ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզեցին ստահակի ով լինելը և նա Նալբանդյան գյուղից իր անձնական օգտագործման ГАЗ 3110 մակնիշի 36 DՏ 941 համարանիշի ավտոմեքենայով բերման ենթարկվեց ոստիկանության Բաղրամյանի բաժին:
Այսօր նա տեղափոխվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մկրտչյանը նախկինում եղել է դատապարտված, իսկ նրա եղբայրն էլ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետն է: