Երևանի կենդանաբանական այգու շուրջ չդադարող խոսակցությունները, բողոքները, տնօրենի հրաժարականի պահանջը, այգու խնդիրներն ու իրականացված ուսումնասիրությունները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը քննարկել է այգու աշխատակիցների հետ:
«Հանդիպումը կազմակերպեցինք մեկ ժամվա ընթացքում, որպեսզի բացառենք այն խոսակցությունները, որոնք առիթ և հիմք կտային մտածելու, որ աշխատակազմը պատրաստվել է այս հանդիպմանը»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը։
Խոսելով այգում կատարված ուսումնասիրությունների մասին՝ փոխքաղաքապետը նշել է` փաթեթը ծավալուն է և օբյեկտիվ գնահատականների համար ժամանակ է հարկավոր:

«Երևանի քաղաքապետարանի կայացվելիք որոշման վրա բացարձակապես որևէ այլ ճնշում չի կարող լինել, քան ուսումնասիրությունների օբյեկտիվ արդյունքներն են, որոնք չպետք է դրվեն կասկածի տակ: Հակառակ պարագայում կարելի է ցանկացած ղեկավարի դեպքում որոշ ժամանակ անց նույն խնդիրը բարձրացնել»,- նշել է Տիգրան Վիրաբյանն ու ավելացրել. «Կենդանաբանական այգու տնօրենը, և առհասարակ ոչ ոք ապահովագրված և հովանավորված չէ։ Մենք ավելի խորքային ենք ուսումնասիրում, մեր որոշումները կայացվում են փաստերի վրա։ Զգացմունքով չենք շարժվում և զգացմունքային ֆոնի վրա ոչ իրավական գնահատականներ չենք տալիս: Այո՛, ես այս պահին հայտարարում եմ, որ չգիտեմ՝ Ռուբեն Խաչատրյանը կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ։ Եվ հիմա՝ արդյունքների ամփոփման այս փուլում, անել միջամտություններ, անուղղակի ճնշում է օբյեկտիվ քննության վրա»։

Անդրադառնալով այգու 3 աշխատակցի աշխատանքից ազատելու փաստին՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել էէ՝ քաղաքապետարանը խնդիրն ուսումնասիրում է:
Հանդիպումն այգու աշխատակիցների հետ շարունակվեց առանց տնօրենի: Փոխքաղաքապետի հետ անմիջական զրույցում աշխատակիցներն անկեղծացել են՝ այս տարիների համատեղ աշխատանքը ստեղծել է ընտանեկան միջավայր: Իսկ խոսակցությունները, թե ձևավորված է վախի մթնոլորտ և աշխատակիցները զրկված են կամարտահայտման իրավունքից, չեն համապատասխանում իրականությանը:
Երևանի ավագանու որոշմամբ Կենդանաբանական այգու կանոնադրական փոփոխություններից հետո առաջիակայում կստեղծվի առանձին խորհուրդ, որն էլ կզբաղվի այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնելով:
Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պատրաստած տեսանյութը
Եվս մեկ լուր քաղաքապետարանից.
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ընդունել է Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի շենքի բնակիչներին: 4-րդ կարգի վթարային շենքում առկա 83 բնակարաններից՝ 13-ը հրաժարվում են վերաբնակեցման քաղաքապետարանի ծրագրից:
Մանրամասն՝ տեսանյութում


