▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաև «կարմիր գծեր»-ից. yerkir.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է yerkir.am-ի՝ օրերս ուղարկած գրավոր հարցերին, որոնցից մեկի պատասխանը, որ վերաբերում է «կարմիր գծեր»-ին, ներկայացնում ենք ստորև. :  

 -Վերջին շրջանում հասարակության շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացավ նաեւ տեսանկարահանող և լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի, տուգանքների մեծ չափերի կապակցությամբ: Քառյակի պահանջներից մեկն է՝ վերանայել գործող համակարգերը: Ինչպիսի՞ն է այդ համակարգերի վերաբերյալ Ձեր կարծիքը:

 - Այս գործունեության «հայկական տարբերակի» նմանը գոյություն չունի ոչ մի քաղաքակիրթ երկրում: Այս թեմայի շուրջ եղան բավականին փաստարկված բազմաթիվ հայտարարություններ ու հրապարակումներ, այդ պատճառով, չմտնելով մանրամասների մեջ, կանգ կառնեմ երեք անընդունելի կետի վրա:

 1. Տուգանքների չափը անհամադրելի է նվազագույն աշխատավարձի չափին: Օրինակ` բարեկեցիկ Գերմանիայում սահմանված` արագության զգալի գերեզանցման համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի ընդամենը 2,5-3 տոկոսը: Հաշվեք, թե նվազագույն աշխատավարձի որքան տոկոսից է զրկվում մեր վարորդը նույն խախտման համար: Առհասարակ, գրեթե ամբողջ Եվրոպայում գործում է հետևյալ սկզբունքը` տուգանել ՃԵԿ խախտողին զանցանքի համար, այլ ոչ թե զրկել նրան գոյատևման միջոցներից, ինչպես դա արվում է Հայաստանում:  

2. ՃԵԿ խախտումների համար վճարվող միջոցների գերակշիռ մասը պետք է մտնի պետական կամ համայնքային բյուջե, այլ ոչ թե մասնավոր անձի գրպանը: Ավելին` ստացված միջոցները, ինչպես արվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում, պետք է ծառայեն բացառապես հանրությանը, մասնավորապես` ապահովեն ճանապարհների անվտանգության մակարդակի բարձրացումը:

 3. Փողոցային կայանումը պետք է բացառապես Երևանի քաղաքապետարանի գործը լինի, և բոլոր միջոցները պետք է մուտք գործեն քաղաքային բյուջե ու ծախսվեն մայրաքաղաքի ավագանու խորհրդի հաստատած հոդվածներով: Ի դեպ, շատ եվրոպական քաղաքներում այդ միջոցները ծախսվում են հենց քաղաքացիների հարմարավետության մակարդակի բարձրացման վրա` բարեկարգվում են փողոցները, պուրակները, կառուցվում են նոր քաղաքային կայանատեղիներ և այլն: Օպերատորը հավաքված գումարից կարող է ընդամենը մի փոքր տոկոս ստանալ՝ կառավարման համար:   Փաստորեն, մեր երկրում մասնավոր ընկերությունները մենաշնորհային գործունեություն են իրականացնում քաղաքապատկան տարածքներում և, գտնվելով հակամենաշնորհային օրենսդրության ու ծառայությունների դաշտից դուրս, չվերահսկվող գերշահույթներ ստանում:

Ավելին` բնակչությունից գումարների կորզման գործառույթն իրականացնում են ՀՀ պետական կառույցները:

Այսինքն` մասնավոր ընկերությունների գերշահույթը քրտնաջան աշխատանքով ապահովում են իշխանության մարմինները /ըստ մամուլի չհերքված հրապարակումների` այդ ընկերությունները փոխկապակցված են պաշտոնյաների հետ/:

Սա անհեթհեթություն ու ցինիզմ է, որը չի տեղավորվում բարոյականության որևէ սահմանում, հակասում է առողջ բանականությանը և քաղաքակիրթ աշխարհի փորձին:

Այստեղ կոսմետիկ միջոցները հարց չեն լուծի: Պետք է վերանայել պետական, համայնքային և մասնավոր գործընկերության բուն բանաձևը՝ տուգանքների չափից մինչև դրանց բաշխման կարգը:

Քաղաքացիների տուգանքները չպետք է դառնան մասնավոր անձանց հարստացման միջոց, իսկ այդպիսի մենաշնորհային գործունեությունից ստացված շահույթը ծայրահեղ դեպքում չպետք է գերազանցի դեպոզիտային դրույքաչափի մակարդակը:

Մի՞թե իշխանությունները չեն կարող փոխառել այսպիսի գործունեության կազմակերպման փորձը որևէ գերմանական քաղաքից:   

 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее