Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված հենակետեր այցի ժամանակ դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և խորհուրդ է տվել նախքան սահմանին հերթական լարվածության վերաբերյալ հանձնարարություն տալը, գնահատել իրադրությունն ու սթափ որոշումներ կայացնել: «Հանձնարարությունը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ և հակառակ կողմից եռապատկվել ու բումերանգի պես հարվածել ձեր դիրքերին».-զգուշացրել է նախարարը:
Ապա հետևել են Սերյան Օհանյանի առավել առարկայական զգուշացումները` եթե Ադրբեջանը մեծացնի ու շարունակի դիպուկահարների կրակոցների թիվը, ապա կհետևի առավել ցավոտ և հուժկու հարված, որը թշնամին սեփական մաշկի վրա կզգա. «Մեր կողմից խիստ պատասխան են ստանալու՝ միայն մեկ տարբերությամբ` մենք հակառակորդի խաղաղ բնակչությանը, բնակավայրերը չենք ռմբակոծելու, այլ խիստ պատժելու ենք դիպուկահարներին, ովքեր մեր խաղաղ բնակչության վրա են կրակում»,-ասել է նա։
Նույն ուժգնությամբ պատասխան կլինի նաև հայկական սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումների շարունակման դեպքում. «Պատասխանը անսպասելի և պատժիչ կլինի: Հրամանը ուժի մեջ է: Եթե ադրբեջանական ղեկավարության համար իրենց զինվորի կյանքն արժեք չունի, և նրանք իրենց կաբինետներում նստած շարիկ են գլորում, ապա մեզ համար յուրաքանչյուր զինվորի կյանք բացառիկ արժեք է»:
Վերջում նախարար Օհանյանը վստահեցրել է, որ ոչ մի թիզ հող հակառակորդին չի հանձվելու։
Տեսանյութը a1plus.am-ի