Այսօր՝ օգոստոսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 06։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են հետազոտման փուլում։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ վիրավորներն են Էջմիածին քաղաքի բնակիչներ՝ 72-ամյա Շողակաթ Գրիգորյանը և 64-ամյա Սարգիս Մինասյանը։
Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, ինչի շնորհիվ հնարավոր է եղել նրանց կյանքը փրկել, Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նշված անձանց հիվանդանոց են տեղափոխել Թամանյան փողոցի 20Ա տանից։
Մարզի ոստիկանապետի և քննչականի պետի գլխավորությամբ ոստիկաններն ու քննիչները, ժամանելով նշված հասցե, 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 74-ամյա Վիլեն Գրիգորյանի դին։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Առավոտ շուտ էր, իմացանք, որ 20Ա տանը սպանություն է տեղի ունեցել։ Տղամարդը, ով վարձով էր բնակվում էդտեղ, մի քանի դանակներով տանտերերին դանակահարել ա։ Էդ պահին հարևանը, վտանգելով իր կյանքը, մոտեցել է, որ բաժանի, օգնի, էդ տականքը նրան էլ ա հարվածել, որից հետո էդ մարդկանց թողնելով անօգնական՝ փախել ա։ Բայց լսեցինք, որ Արմավիրի մարզի ոստիկանապետի, Էջմիածնի ոստիկանապետի ու օպերգծով տեղակալի շնորհիվ սպանությունը կատարողը բռնվել ա ու տեղափոխվել ա Էջմիածնի ոստիկանություն։ Մի կողմից ցավ ենք ապրում դեպքի համար, մյուս կողմից էլ ուրախացել ենք, որ բռնեցին, թե չէ, որ փախներ Իսպանիա, ո՞վ էր էլ նրան գտնելու»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ենթադրյալ կասկածյալը, ով որպես վարձակալ, բնակվում էր այդ տանը, ամիսներ առաջ Հայաստան վերադարձած, Իսպանիայի քաղաքացի, 35-ամյա Արման Մ-ն է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավարի որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակները, իսկ տան մի քանի հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր։
Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն, սպանության փորձ) հատկանիշներով։