Ֆոտոլրագրող Նարեկ Բախտամյանը, ով օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջով Երևանի կամարանցումները նկարազարդած նակարիչներին կոչ էր արել համախմբվել և պահանջել իրենց աշխատանքի դիմաց հասանելիք գումարը, որը նրանք չեն ստացել, երեկ իր էջում գրառել է.
«Տարոն Մարգարյանը հավաքեց դալան նկարող նկարիչներին և շնորհեց շնորհակալագրեր: Ոչ մեկ չհարցրեց, թե իրականում ինչքան գումար էր իրեն հատկացված և ինչքան իրենք ստացան: Ես ուզում էի հավաքել բոլոր դալան նկարող նկարիչներին և պահանջել նախատեսված գումարները: Ինչևիցե… Ես չգիտեմ` ով է համարում իրեն հայ արվեստագետ, բայց հայ արվեստագետին գցողը արյունոտ արցունքներով պետք է լացի, որ ներում ստանա, այլ ոչ թե պատվոգիր բաժանի դրա համար»:
Հիշեցնենք, որ այս խնդրի վերաբերյալ ASEKOSE.am-ը հարցումով դիմել է Երևանի քաղաքապետարան և խնդրել հայտնել, թե կամարանցումները նկարազարդած նկարիչներին որքան գումար է հատկացվել իրենց աշխատանքի դիմաց, բայց պատասխան նամակում քաղաքապետարանը խուսափել էր պատասխանել այդ հարցին` այն շրջանցելով: