«Դալմա գարդեն մոլի» ցնցումները եղել են տանիքում օդափոխիչ սարքի ոչ ճիշտ տեղադրման պատճառով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «Միացրեցինք անջատեցինք, տեսանք, որ վիբրացիան այդտեղից է: Օդափոխիչ սարքի տակ պետք է ռետինից հատուկ միջադիր լինի, որպեսզի վիբրացիան միանգամից պատերին չհաղորդի: Չնչին, կես ժամանոց մոնտաժի աշխատանք է պահանջվել, ուղղակի չի արվել»,-ասաց նա:
Վերմիշյանը նշեց, որ ցնցումը եղել է շենքի մի փոքր հատվածում, մոտ 200 քմ մետրի վրա, որտեղ դրսից դրված է եղել այդ օդափոխիչ սարքը: «Սարքը անսարք էր, հիմա այն ընդհանրապես անջատեցին, հոսանքազրկեցին: Կփոխեն, որեւիցե վտանգ չկա, շատ արագ արձագանքել են»,-ասաց նա:
Վերմիշյանը նաեւ հայտնեց, որ սեյսմիկ ծառայության մասնագետները տեղում մոնիթորինգ են արել հատուկ սարքերով եւ երեկվա միջադեպից հետո որեւէ ցնցում չի գրանցվել: Վերջինս հայտնեց, որ ցնցումներից «Դալմա»-ին որեւիցե կոնստրուկտիվ վնաս չի պատճառվել:
«Շինարարության մեջ դա կոչվում է դիսկոմֆորտ առաջացնող վիբրացիա, այսինքն ոչ թե վտանգավոր է այլ ընդամենը անհարմարություն է պատճառում: Նորմալ շենք է եւ պետք է ժողովրդին բացատրել, որ հանգիստ գնան իրենց առեւտուրն անեն՝ առանց պանիկայի»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակ էր հայտարարվել: Ներսում գտնվող բոլոր քաղաքացիներին տարհանել էին: Անվտանգության աշխատակիցները մարդկանց ուղղորդել էին դեպի դուրս եւ բարձրախոսով հայտարարել, որ ներսում եղած բոլոր մարդիկ շտապ լքեն տարածքը:
Կարդացեք նաև՝
Արտակարգ իրավիճակ «Դալմա գարդեն մոլում». մարդիկ տարհանվում են
Կարդացեք նաև՝
ԱԻՆ-ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրերը


