Արարատի մարզի հանգստյան տներից մեկում նախօրեին դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով նախկինում դատված տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20:00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Կամո Մ.-ն է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Կամո Մ.-ի հետ վիճաբանություն է տեղի ունեցել Լանջազատ գյուղի վարչական տարածքում, որտեղ Վերին Դվին գյուղի բնակիչ, 40-ամյա Բանիպալ Սարգիսովը սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է նրա որովայնին, իսկ մինչ այդ էլ գարեջրի շշով հարվածել է նրա գլխին:
Նշենք, որ Կամո Մ.-ն նախկինում եղել է դատապարտված և համաներմամբ ազատ է արձակվել: