Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և ոստիկանության զորքերի ծառայողները փետրվարի 26-ին Սայաթ-Նովայի պողոտայից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել չորս պատանիների: Նույն օրը ժամը 19.20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված պատանին հայտնել է, որ Օպերայի բակում իրեն դանակահարել են:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 19.00-ի սահմաններում Ազատության հրապարակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 2004 թ. ծնված մեկ այլ պատանի, որը ժամը 20.40-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Դանակահարողը ձերբակալվել է, բերման ենթարկված մյուս պատանիները բաց են թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: