Այսօր դանակահարություն է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 00:50-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ս.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «Փարվանա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանությունից հետո:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ դանակահարությունը կատարվել է Երևանի բնակիչ, 17-ամյա Վրեժ Դ.-ի կողմից, որը ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, իր հետ բերելով նաև հանցագործության գործիք դանակը: