Ս.թ. հուլիսի 17-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը շինծու մեղադրանքով ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման:
Ակնհայտ է, որ այս դատավճիռը ապազգային և հանցավոր ռեժիմի կամակատար դատարանի ինքնուրույն որոշումը չէ: Այս դատավճիը ռեժիմի հաշվեհարդարն է իր դեմ ընդվզած պահեստազորի գնդապետի նկատմամբ:
Նույնիսկ մեր երկրում հաստատված արդարության ճգնաժամի պայմաններում նրան մեղսագրվող արարքների համար այդպիսի ծանր պատժի նշանակումն աննախադեպ դաժանություն է:
Միևնույն ժամանակ՝ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ այս բացահայտ ու ցինիկ հաշվեհարդարը մեր ժողովրդին, նրա պայքարող տեսակին ուղղված մարտահրավեր է:
Իր հերթին՝ հոգեվարքային ակտիվություն հիշեցնող այս ջղաձիգ ու անհավասարակշիռ քայլը վկայում է ռեժիմի մոտալուտ վախճանի մասին:
Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է մարտահրավերն ընդունելու մասին և կոչ է անում մեր ժողովրդին կազմակերպվել և մոտ ապագայում պատրաստ լինել իր կամքը ռեժիմին պարտադրելուն:
Նախախորհրդարանի քարտուղարությունը վերստին հաստատում է, որ մինչև Մեծ Եղեռնի 100-ամյակը ռեժիմը հեռացվելու է ժողովրդի համախումբ ուժով, իսկ նրա ներկայացուցիչները, այդ թվում՝ անարդար որոշումներ կայացրած դատավորները, պատասխան են տալու օրենքի և արդարադատության առջև:
Ռեժիմին մնաց 41 շաբաթ: Մենք ենք տերը մեր երկրի: