«Հրապարակ»-ը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանում օրերս շարունակվում էր Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դատավարությունը։ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի վրդովմունքը, թե` «իմ համբերության բաժակը լցվել է»` 7 տարի գործ են քննում դատարանները, անմիջապես ազդեց այս դատավարության վրա, և դատավորը, որ 2018-ին ՔՊ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու էր առաջադրվել, ապա դատավոր դարձել, անմիջապես որոշում կայացրեց բերման ենթարկել «մեղադրյալներին»: Այս գործի ողջ աբսուրդն այն է, որ չկա մեղադրանք, չկա հոդված, որով ընթանում է դատավարությունը, և մեղադրյալները չէին ներկայանում դատարան` ի նշան բողոքի: Այդ որոշումից հետո` նոյեմբերի 28-ին կայացած դատական նիստին նրանք կամովին ներկայացել էին: «Հրապարակը» զրուցել է նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հետ: - Դատավոր Սարգիս Պետրոսյանը դատական նիստի ընթացքում Քոչարյանին նվաստացնելու փորձեր էր անում: Սրանից առաջ էլ Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանն էր ՍԴ դատավորին փորձում նվաստացնել: Թեպետ մարդու իրավունքները հավասար են, և պետք է բոլորի հանդեպ հարգալից լինել, բայց պետական բարձր պաշտոն զբաղեցրած, վաստակ ունեցող անձանց հանդեպ առավել հարգալից է պետք լինել, տարբերություն չկա՞ նախկին նախագահի ու շարքային ամբաստանյալի միջև` դատավորների տեսանկյունից: Էթիկապես ճի՞շտ է այդ պահվածքը: - Ականատես եղանք, մեղմ ասած, անհասկանալի դատավարության: Ուզում եմ դատավորին արդարացնել, ասեք՝ ինչո՞ւ: - Ինչո՞ւ: - Դուք պատկերացնո՞ւմ եք` մի անփորձ դատավորի տվել են անօրինական մի գործ, որն իրավաչափ չէ: Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մեկ քրեական գործ, որտեղ մեղադրանք չառաջադրվի: Նա շատ լավ գիտակցում է, որ ոչ իրավաչափ դաշտում է գործում, իրեն ուղղակի տվել են, հանձնարարել են այդ գործը: Սա մի գործ է, որն էն գլխից անօրինական է և չունի օբյեկտիվ քննության հեռանկար: Այդ վիճակում ի՞նչ է մնում այդ դատավորին, մնում է դերասանություններ անելը, դատավորին ոչ վայել պահելը, մանր-մունր հարցեր քննարկելն ու կռիվներ տալը, որը ո՛չ դատարանին է վայել, ո՛չ էլ դատավորին: Բայց ի՞նչ անի այդ դատավորը, նրան դրել են անհասկանալի իրավիճակի մեջ: Նա օրինաչափության պակասը լրացնում է անհասկանալի պահվածքով: Ես նման բան չէի տեսել: Դատարանում չկա նման բաներ անելու իրավունք: Ոչ ոք իրավունք չունի այնտեղ իր տղայի նկարից պատմել կամ խոսել հայրենասիրությունից: Այդ մարդը, լինելով դատավոր, չի պատկերացնում իր առաքելությունը: Նա մտածում է, որ նստած է իրենց հայաթի «բեսեդկայում» և զրուցում է իր «պադեզդի» հարևանների հետ: Խայտառակություն է ուղղակի, ես, որպես դատավոր, ցավով եմ արձանագրում այդ ամենը: Այս մոտեցմամբ ուղղակի ծաղրում են դատական իշխանությանը»։ |
Դատավորին թվում էր, թե նստած է իրենց հայաթի «բեսեդկայում» և զրուցում է «պադեզդի» հարևանների հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet