▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 6-ին կեղծվել էր քվեների առնվազն կեսը. ռուսաստանցի դիտորդ

Azatutyun.am-ը գրում է. Քսենյա Ֆադեևան փոխանցում է, որ իրենց առաքելության գնահատականով՝ համահայաստանյան կտրվածքով «ոչ»-ը հաղթել էր:

«Իմ դիտարկած տեղամասում դեկտեմբերի 6-ին կեղծվել էր քվեների առնվազն կեսը», - պնդում է Հայաստանում սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետևած ռուսաստանցի դիտորդներից մեկը` Քսենյա Ֆադեևան:

Ռուսաստանցի քաղաքացիական ակտիվիստի հոդվածը դեկտեմբերի 14-ին զետեղվել է ռուսաստանյան ամենահեղինակավոր անկախ ռեգիոնալ հեռուստաալիքներից մեկի` Տոմսկի ТВ2 ընկերության կայքում: Ֆադեևան հայաստանյան հանրաքվեն դիտարկել է «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ» կազմակերպության առաքելության կազմում:

«Դեկտեմբերի 6-ին մենք այցելեցինք 10-12 տեղամաս: Դրանցից շատերի մոտ մարդկանց խմբեր կային` «կազմակերպիչների» հետ միասին: Վերջիններս այդ մարդկանց ինչ-որ բան էին բացատրում: Մեզ համար ակհնայտ էր, որ այդ խմբերում ընտրական կարուսելի մասնակիցներն են: Մեզ ուղեկցող տեղացի դիտորդը լսեց այդ մարդկանց զրույցը և հաստատեց մեր ենթադրությունը», - գրում է ռուսաստանցի դիտորդը, նշելով, որ Արարատի մարզում` նախկին Մասիսի շրջանում գտնվող տեղամասերից մեկում իրենք նաև լցոնման ականատես են դարձել:

Ֆադեևան իր հրապարակման մեջ ընդգրկել է 16/40 ընտրատեղամասի քվեատուփի լուսանկարը, որտեղ հստակ երևում է, որ տասնյակ ծրարներ քվեատուփի մեջ են հայտնվել տրցակով` միևնույն դիրքում: «Բավական ծիծաղելի էր հանձնաժողովի նախագահի արձագանքը մեր գործողություններին, ով ցատկով մոտեցավ ու սկսեց թափահարել քվեատուփը», - գրում է ռուսաստանցի դիտորդը:

«Հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահին խնդրեցին նախևառաջ հաշվարկել քվեատուփի մեջ տրցակով հայտնված թերթիկները: Մոտ մեկ ժամ շարունակ հեռախոսով նկարահանում էինք հաշվարկի գործընթացը` արձանագրելով, որ այդ տրցակներում գտնվող անխտիր բոլոր քվեաթերթիկներն «այո»-ի օգտին են», - գրում է ռուսաստանցի դիտորդը` նշելով, որ որպես հետևանք՝ 16/40 տեղամասում Սահմանադրության փոփոխությունների կողմնակիցներն ավելի քան 900 քվե ստացան, հակառակորդները` 200:

«Մեր գնահատականով՝ այս տեղամասում կեղծվել էր քվեների առնվազն կեսը», - նշում է Ֆադեևան:

Դիտորդը փոխանցում է, որ իրենց առաքելության գնահատականով՝ համահայաստանյան կտրվածքով «ոչ»-ը ընդհանրապես հաղթել էր: «Այո»-ի օգտին իրականում քվեարկել էր ընտրողների մեկ երրորդը միայն», - գրում է Ֆադեևան՝ հավելելով․ - «Ընդհանրապես, այս հանրաքվեն, դրա ընթացքը և այն ամենը, ինչ ասում էին մարդիկ, մեզ վրա շատ ծանր տպավորություն թողեց»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее