▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի ընկերության պատկանող Գեղանուշի պոչամբարը կառուցված է նորմերի խախտումներով

«Deno Gold Mining Company» ընկերության կողմից շահոգործվող Գեղանուշի պոչամբարի ջրատարը կառուցվել է խախտումներով եւ չի համապատասխանում նախագծային փաստաթղթերին ու առաջարկություններին: Այս եզրակացությունը ներկայացրել է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը` ի պատասխան ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարցման: Դատարանը հարցում է արել Փորձաքննությանը` կապված «Deno Gold Mining Company» ընկերության դեմ ուղղված տեղական «Մրքաձոր» ՍՊԸ-ի հայցի հետ:

Գործի էությունն այն է, որ «Մրքաձոր» ՍՊԸ-ին պատկանող ավտոտեխսպասարկման կայանը տուժել է Գեղանուշի պոչամբարի ջրատարին զուգահեռ անցնող պատի փլուզումից: «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի եզրակացության մեջ մասնավորապես նշված է. ««Մրքաձոր» ՍՊԸ-ին պատկանող Կապան քաղաքի Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի շենք-շինություններին եւ սարքավորումներին Գեղանուշ գետի հեղեղաջրեր առկա հունից արտահոսելու եւ կայանի տարածք ներհոսելու հետեւանքով հասցված վնասը «Գեղանուշ» պոչամբարի ոչ թե նախագծային լուծումների, այլ կառուցման թերությունների արդյունք է…«ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲ ընկերության կողմից «Գեղանուշի պոչամբարի» շինարարությունը իրականացվել է նախագծային փաստաթղթերին եւ առաջադրանքներին ոչ համապատասխան…»:

Հիշեցնենք, որ Գեղանուշի պոչամբարը կառուցվել է հին պոչամբարի տարածքում` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) վարկային միջոցներով, որը, որպես նախագիծ էկոլոգիական նշանակություն ունի: Վարկի չափը` 4 միլիոն դոլլար: Պոչամբարը շահագործման է հանձնվել 2007թ-ին: 2012թ. Գեղանուշի պոչամբարի պոչատար խողովակաշարը երեք անգամ վթարվել է, ինչի արդյունքում պոչերը լցվել են շրջակա միջավայր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее