«Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով շարունակվող հետաքննության ընթացքում ի հայտ է եկել ևս մեկ գաղտնի վկա, ով մի շարք ուշագրավ տեղեկություններ է հաղորդել մարդասպանների` իրավապահ մարմինների հետ կապի մասին:
Հետաքննության մեջ որպես վկա անցնող «Բարըշ» ծածկանունով անձը նշել է, որ Դինքին սպանած Օգյուն Սամասթն օգնություն է ցուցաբերել Տրապիզոնի և Ստամբուլի ժանդարմերիաների մի շարք պաշտոնյաների: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Մասնավորապես, Ստամբուլ ժամանելուց մեկ օր առաջ Սամասթն այցելել է Տրապիզոնի ժանդարմերիա: Հաջորդ օրը նա Ստամբուլ է ուղևորվել JITEM-ի (թուրքական գաղտնի ծառայություն) անդամ մի սպայի հետ: Վերջինս ցույց է տվել «Ակօսի» տեղը, իսկ սպանության օրը եղել նաև մոտակայքում: Ստամբուլում մարդասպանին դիմավորել են JITEM-ի ևս մի քանի անդամներ:
Վկան նշել է, որ Դինքի սպանության գործում «ներդրում» է ունեցել նաև Գիրեսունի ժանդարմերիայի պետ, գեներալ Դուրսուն ալի Քարադումանը: Նա նշել է, որ Քարադումանը Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատար Ալբայ Ալի Օզի և «Էրգենեքոնի» գործով կալանավորված գեներալ Վելի Քյուչյուքի հետ մեկտեղ եղել է Դինքի սպանության կազմակերպիչների ցանկում:
Դինքը նաև երկար ժամանակ JITEM-ի (թուրքական գաղտնի ծառայություն) ուշադրության կենտրոնում է եղել: Գաղտնի կազմակերպությունը տևական ժամանակ հետևել է հայ խմբագրին և նախապատրաստել նրա սպանությունը: «Մեծ մուրճ» և «Ճաղավանդակ» գաղտնի նախագծերի նման Դինքին նույնպես նախատեսել են սպանել, գործով զբաղվել են մի շարք զինվորական սպաներ և ենթասպաներ, նշել է Բարըշը:
Սամասթը, ըստ վկայի տված ցուցմունքի, սպանությունից հետո փորձել է Արդվինով և Հոպայով փախուստի դիմել Ադրբեջան:
Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին «Ակօսի» խմբագրատան առաջ: Նրա սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը 5 տարի շարունակվող կողմնակալ և անարդար դատավարությունից հետո 22 տարով բանտ է ուղարկվել: Դինքի պանության գործով անցնող ևս մի քանի անձ արդարացվել է կամ ծիծաղելի պատժաժամկետների արժանացել:
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ սպանության իրական կազմակերպիչները գտնվում են ազատության մեջ:
Գևորգ Պետրոսյան
«Allturkey» թուրքագիտական պորտալ