Այսօր ԱԺ-ն ավարտում է 5-րդ նստաշրջանի աշխատանքները: Մինչ կանցնեին ընդհատված հարցի քննարկմանը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում.
«Ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը հայ-ռուսական խորհրդարանական լսումների ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդի, նրա նահատակների հասցեին: Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է քննարկի նրան ՀՀ տարածքում անցանկալի անձ (persona non grata) հայտարարելու մասին հարցը»,-ասաց պատգամավորը՝ դատապարտելով նիստին ներկա ԱԺ պատգամավորների պահվածքը.
«Չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա»,-նկատեց Ն.Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ն պետք է ուղերձ հղի, որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ վարման կարգի հետ կապ չուներ, բայց կա խնդիր: «Հայոց լեզուն հայերի համար բավականին լուրջ հոգևոր արժեք է»,-ասաց ԱԺ նախագահը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բոլորի մտահոգությունը փարատեց՝ ասելով. «Ներկա պատգամավորները, լրագրողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ակտիվ մասնակցել են: Այնտեղ չի եղել վիրավորական խոսք: Բանավեճի ժամանակ բոլորը եղել են իրենց բարձունքի վրա»,-ասաց նա:
Աղվան Վարդանյանն էլ հիշեցրեց, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է և ԱԺ-ում տեղի ունեցող ցանկացած քննարկում, խորհրդակցություն պետք է լինի հայերենով, ուղղակի պետք է թարգմանություն լինի:
Անի Կարապետյան