Mardik.am-ը գրել է. Երեկ ավագանու նիստից հետո ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանը մոտեցել է «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանին և հարցրել, թե արդյոք նա չի ցանկանում իրենից ներողություն խնդրել` իրեն վիրավորելու համար:
Ստեփան Սաֆարյանը պատասխանել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ, ինչպես Հրանտ Թոխատյանն է համարում, որ ինքը իրեն վիրավորել է, այնպես էլ ինքն է համարում , որ Հրանտ Թոխատյանն է իրեն վիրավորել
«Դուք ինձ և իմ գործընկերներին եք վիրավորել»,-ասել է Ստեփան Սաֆարյանը:
«Դուք շատ փոքր եք ինձ վիրավորելու համար»,-բացականչել է Հրանտ Թոխատյանը, իսկ Ստեփան Սաֆարյանն էլ պահանջել է իրեն չվիրավորել:
«Ես քաղաքականության մեջ եմ գաղափարներ ու սկզբունքներ հարգելու ու պաշտպանելու, այլ ոչ թե մեծ ու փոքր խաղալու համար: Հարգեք, որ պատասխանը` հարգանք ստանաք»,-պատասխանել է Սաֆարյանը:
Խոսակցությունը գնալով թեժացել է և ավագանու անդամները սկսել են միմյանց հետ բարձր տոնով խոսել:«Այդ տոնով ինձ հետ չխոսես»,-ասել է Հրանտ Թոխատյանը։ «Դու էլ ինձ վրա մատ թափ չտաս»,-պատասխանել է Ստեփան Սաֆարյանը, իսկ Հրանտ Թոխատյանն էլ ավելացրել է, որ թափ կտա և եթե նույնիսկ պետք լինի` կծեծի էլ: «Հապա բախտդ փորձիր»,-արձագանքել է Ստեփան Սաֆարյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Հավելենք, որ Հրանտ Թոխատյանը panorama.am-ին տված հարցազրույում հայտարարել էր.
«Այն, ինչը մեզ մոտ անվանում են արմատական ընդդիմություն, ես այդ ամենին չեմ հավատում, որովհետև ոչ մեկից ոչ մի կառուցողական հայտարարություն չեմ լսել: Ամեն ինչը միայն «քանդողական» է` քանդենք, ոչնչացնենք, վռնդենք, ու մեկը չեղավ, որ ասի՝ դա երկրորդ հերթին, առաջին հերթին եկեք այսպիսի երկիր կառուցենք՝ ոչ ոք…»:
Իսկ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքի էջում մասնավորապես գրել էր.
«Անողնաշարության արդարացումը «ընդդիմություն կամ քաղաքացի չկա/չի եղել/չի լինելու» ձևակերպումն է, որը նմանների համար ապահովագրում է հավերժ տեղ իշխանության կճղակների տակ: Իսկ ո՞վ է ձեր ձեռքերը կապել, որ ինքներդ չեք ստեղծում Ձեր ասած լավ ընդդիմությունը, և ո՞վ էր մղում ՀՀԿ ցուցակներ մտնել, եթե «ճիշտ» ընդդիմության բանաձևը գիտեք…Լավ եք արել, ՀՀԿ ցուցակ եք մտել, ձեր իրավունքն ու ընտրությունն է: Բայց ընդդիմության վրա քար մի նետեք, այ պնակալեզներ»: