«Հրապարակի» զրուցակիցը Երևանի ավագանու նախկին անդամ, ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանն է, ում օրերս ավագանին զրկեց մանդատից:
- Օրեր առաջ Ձեզ և Անուշ Գինոսյանին զրկեցին ավագանու մանդատից: Ձեր նախկին թիմակից Վահան Ավագյանն ասում է, որ դուք չէիք աշխատում, դա է պատճառը, որ մանդատից զրկվել եք:
- Բայց ինքը ի՞նչ գործ ունի ինձ հետ, ո՞վ է ինքը, նա տեսնո՞ւմ է իմ գործունեությունը: Իմ գործունեությունը ժողովուրդն է: Ես կարող եմ Ձեզ ցույց տալ, թե մարդիկ ինչպես են ինձ շնորհակալություն հայտնում: Ես եղել եմ անկախ ավագանի, ո՞վ է Վահան Ավագյանը, որ ես իր հետ աշխատեմ: Ես վաղուց այդ ֆրակցիայից դուրս եմ եկել: Նա շատ բաներ կարող է ասել, ես առաջիկայում դատարան եմ դիմելու և կտեսնեք, թե նույն Վահան Ավագյանի մասնակցությամբ ինչ ձայնագրություններ են հրապարակվելու: Նոր եկած ժամանակ նա ինձ հորդորում էր զբաղվել շորթումներով և աշխատել գումարներ: Նա չի՞ վախենում, որ հրապարակելու եմ լրիվ:
- Նա մեզ հետ զրույցում պնդում էր Դուք եք ձայնագրել իրեն, թե ինչպես է ինքը հորդորում հեռու մնալ Վարդան Ղուկասյանից` Դոգից: Ինֆորմացիա եք տրամադրել Ղուկասյանին:
- Անուշ Գինոսյանին վախեցնում էր այդպես, որ գնանք իր օգտին քվեարկենք, որ նա էլ քաղաքապետի հետ գործարքների գնա: Մեզ ստիպում էին քվեարկել, բայց ես տրանսպորտի թանկացմանն, օրինակ, դեմ եմ եղել, վաղվա ապագայի համար եմ դեմ եղել: Ես ինչո՞ւ պետք է նրանց համար կողմ քվեարկեի: Նման բաները Վահան Ավագյանին բնականաբար դուր չեն եկել: Անկախ ամեն ինչից, անկախ մեր հարաբերություններից` Հայկ Մարությանին, Անդրանիկ Թևանյանին, երբ զրկում էին մանդատից, ես դրան էլ էի դեմ: Բոյկոտել եմ: Իսկ ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանին էլ մանդատից չեն զրկում: Նրան ոչ ոք, ոչ մի անգամ չի տեսել քաղաքապետարանում: Ինչպե՞ս է ստացվում, որ ինձ երկու բացակայության համար զրկում են մանդատից, իսկ նրան, որ երբեք չի եկել, չեն զրկում մանդատից:
- Ի՞նչ եք ակնարկում: Իսկ ինչո՞ւ մանդատներից զրկեցին ձեզ:
- Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, երբ գա դատարան, այդ հարցերը փաստաբանը նրան կուղղի: Ինչ վերաբերում է մեզ մանդատից զրկելուն, ապա մենք չէինք պարում նրանց դուդուկի տակ: Նախագծեր էին բերում, գիտեին, որ չենք քվեարկելու: Ես քաղաքաշինության հանձնաժողովում էի, թաղապետարանում էի աշխատում, անգիր գիտեմ այն սխեմաները, թե որ կառուցապատողն ինչ գումարներով է ձեռքբերում չարաբաստիկ շինթույլտվությունները, որոնք ոչ մի նորմի չեն համապատասխանում: Ես գնում, բացահայտում ու նկարում եմ ամեն ինչ: Վահան Ավագյան, ես ի՞նչ գործ ունեմ քեզ հետ, որ աշխատեմ քո հետ: Դու ո՞վ ես, այ աթոռապաշտ ու շահամոլ, դու ո՞վ ես, քո նման երեք աշխատող ես եմ պահում: Ես մոռացել եմ իմ ընտանիքը, ինձ, նվիրվել եմ իմ աշխատանքին: Նա ո՞վ է, որ ինձ գնահատականներ տա: Մտեք Վարդան Ղուկասյանի լայվերը նայեք, տեսեք ինչեր է ասում շինթույլտվությունների մասին: Նշեմ, որ արդեն երկու օր է, Տիգրան Ավինյանը գնացել է Դուբայ հանգստի: Քաղաքն այս վիճակին, նա հանգստի է գնացել:
- Արտակ Գալստյանի խափանման միջոցը փոխվել է, նա տնային կալանքի մեջ է այժմ: Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ ձեզ մանդատներից զրկելն ու նրա խափանման միջոցը փոխելը համընկան:
- Առավոտյան մեզ մանդատից զրկեցին, երեկոյան Արտակը դուրս եկավ: Դրա համընկնումը որն է, սա փաստ է` բոլորիս աչքի առաջ: Այդ գործարքը բոլորս տեսանք: Հիմա էլ ուզում են Արտակին ավագանի բերել, ինչի համար ես շատ ուրախ եմ: Շատ ուրախ եմ, որ նա գալիս է քաղաքապետարան: Վահան Ավագյանի երազանքները խափանվելու են, նա հետին պլան է մղվելու: Արտակի գալուց հետո շատ բաներ են բացահայտվելու: Վահան Ավագյանը հենց ինքն է իրեն «պայթեցնելու»: Նա խզեց Արտակ Գալստյան- Վարդան Ղուկասյան կապը, որպեսզի ինքը անձամբ քաղաքապետի հետ կապեր հաստատի: