«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն անգամ մտերիմների շրջապատում իրեն ապահով չի զգում։ Հունիսի 10-ին Փաշինյանն ու ՔՊ քաղաքական ողջ վերնախավը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արշակ Օրդուխանյանի որդու հարսանիքին, սակայն մինչ ռեստորան մտնելը Փաշինյանի անվտանգության աշխատակիցները մետաղորսիչով հատ-հատ ստուգել են բոլոր հյուրերին, որոնք մոտ 900 հոգի են եղել, որից հետո միայն ռեստորան է ժամանել Փաշինյանը։
ՔՊ-ական գրեթե ողջ կարկառուն կազմը ներկա է գտնվել, հարսանիքը տեղի է ունեցել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։ Խմել են Հայաստանի Հանրապետության կենացը, որի ժամանակ ՔՊ-ականները մի մարդու պես, հերթով-շարքով մոտեցել եւ վարչապետի հետ բաժակ են «խփել»։
Փեսացուի հայրը՝ Արշակ Օրդուխանյանը, ՔՊ-ի Արաբկիրի գրասենյակի ղեկավարն է, խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր ՔՊ-ի նախընտրական ցուցակում: Հարսնացուի հայրն էլ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արեւշատյանն է՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կադրն ու մտերիմը»: