Զինադադարի մասին պայմանագիրը ադրբեջանական կողմը խախտում է քսան տարի շարունակ, եւ քսան տարի շարունակ միջազգային կառույցները, այսօր արդեն նաեւ հարցի խաղաղ կարգավորման համար պատասխանատու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդները վատ սովորություն են ձեռք բերել` բավարարվելով մտահոգություններ եւ ցավ հայտնելով խաղաղ պայմաններում, թշնամու կրակոցներից սպանվող մեր զինվորների կորստի համար:
Մոռանալով, որ իրենց բուն առաքելությունը ոչ թե ցավ հայտնելը է , այլ` կոնկրետ քայլերի դիմելը, Ալիեւին` միջազգային ընկալելի լեզվով հասկացնելը, էն էլ բաց տեքստով եւ ոչ թե խունջիկ-մուջիկներով, որ իր արածը արժանի է միջազգային դատի, իր արածը հանցագործություն է, որը պատժելի է միջազգային նորմերով եւ օրենքներով:
Վաղուց ժամանակն է Ալիեւին կարգի հրավիրել, ասել, որ ինքը իր ամբողջ կենսագրությամբ, հրադադարի պայմաններում իր հոխորտացող ռազմատենչությամբ եւ հայկական կողմի սահմաններին շարունակ կրակոցներով իրեն պահում է հանցագործի պես եւ հարկ է, որ կանգնի դատարանի առաջ եւ պատասխանատվության ենթարկվի միջազգային բոլոր պահանջներով եւ օրենքներով:
Միջազգային միջնորդները կողմերին հորդորում են հասարակություններին պատրաստել խաղաղության, եւ, միաժամանակ չեն բռնում ռազմատենչության մոլուցքով տառապող, իր ներքին խնդիրները հարեւանների հաշվին լուծել ցանկացող հանցագործի ձեռքը: Ալիեւնը, ըստ էության ոտնձգություն է կատարում ոչ միայն ԼՂՀ այլեւ` ՀՀ նկատմամբ, իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ագրեսորի պահվածք, ուրեմն,եկել է ժամանակը, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պահանջեն եւ ստանան անվտանգության երաշխիքներ նույն ԵԱՀԿ միջնորդ երկրներից, նույն ԵՄ անդամ երկրներից եւ ամբողջ աշխարհից:
Նախորդ գիշեր մեր սահնաին դարձյալ զինվոր է սպանվել, դիպուկահարի կրակոցից, ինչին ի պատասխան ԱՄՆ միջնորդ-համանախագահողը բավարավել ցավ հայտնելով զինվորի մահվան համար, չի էլ նշում, որ խոսքը հայ զինվորի մասին է:
Ես դիվանագետ չեմ, գուցե դիվանագիտության մեջ այլ լեզու եւ այլ ռեւերանսներ կան, որոնց ես չեմ տիրապետում եւ, որոնք ինձ համար ոչ ամբողջովին են ընդունելի եւ ընկալելի, ես չոր հայ մարդ եմ, զգացմունքային մայր, նոր սկսող քաղաքական գործիչ, ում համար այդ բոլոր ռեւերանսները զրո արժեք ունեն, երբ մեր զինվորները սպանվում են խաղաղ պայմաններում:Կարծում եմ, հարկավոր է դատել Ալիեւին եւ դատել միջազգային ամենախիստ օրենքներով:
Թե չէ, ամեն մահից հետո ցավ եւ մտահոգություն հայտնելը մեր ցավին դարման չէ: