«Մենք երկու տարի առաջ պաշտպանել ենք գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը և այս պատճառով ազնիվ չի լինի պահանջենք նրա հրաժարականը»,-ՕԵԿ քաղխորհդրի անդամ Իշխան Խաչատրյանի խոսքով` այսպես են պատասխանելու ՕԵԿ-ական պատգամավորները, եթե Ազգային Ժողովի առաջիկա քառօրյայում ընդդիմադիր մյուս խմբակցություններից առաջարկ ստանա միանալ ՀՀ նախագահի հրաժարականի պահանջին:
Նշենք, որ հենց առաջիկա քառօրյայում ՕԵԿ պատգամավորները ԱԺ ամբիոնից հայտարարելու են ընդդիմություն դառնալու մասին:
Արմնյուզ հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին, թե այդպիսով ՕԵԿ-ը չի՞ դառնում երկրորդ ԲՀԿ` այլընտրանքային քաղաքական ուժ, Իշխան Խաչատրյանը պատասխանել է, որ իր կարծիքով կուսակցությունները կամ ընդդիմադիր են, կամ իշխանական, սակայն ընդդիմադիր քաղաքական ուժի նպատակը չպետք է լինի միայն նախագահի հրաժարականը, քանի որ Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծմանն էլ լծվելու է ՕԵԿ-ը: