Այսօր ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում ամփոփվեցին ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները. եվ այսպես՝ ձայների 101 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս առաջադրվել էր, սակայն ինքնաբացարկ հայտարարեց, իսկ ինքնաառաջադրված ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ստացել է ընդամենը 3 կողմ քվե: ՀԱԿ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ չեն պատրաստվում քվեարկել Հրանտ Բագրատյանի օգտին, քանի որ վերջինիս ինքնառաջադրումը համաձայնեցված չի եղել իրենց հետ։
ԱԺ նախագահի ընտրության արդյունքների, ոչ իշխանական ուժերի պահվածքի և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ.
-Պարոն Շաքարյանց, սպասելի՞ էին այս արդյունքները:
- Ընդդիմության մասին իմ տեսակետը վաղուց հայտնի է: Այսօր պաշտոնական և ոչ պաշտոնական ընդդիմությունը Հայաստանում անելիք չունի, քանի որ իշխանությունների պես բարոյազրկված է՝ տարբեր պատճառներով: Ամեն մի քաղաքական ուժ իր բարոյազրկման և արժեզրկման պատճառներն ունի: Անհասկանալի է՝ հայաստանյան ԶԼՄ-ները կամ առհասարակ ժողովուրդը ինչ են սպասում ընդդիմությունից, որը նախագահական ընտրություններից հրաժարվել է: Ոչինչ պետք չէ սպասել ոչ տեր-պետրոսյանական կոնգրեսից, ոչ ԲՀԿ-ից, ոչ նամանավանդ ՕԵԿ-ից: ՕԵԿ-ը 10 անգամ ասում է՝ ընդդիմադիր եմ, նույնքան անգամ մտնում կոալիցիա: «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության անդամները դուրս են գալիս խմբացկությունից, կամ հետ են գալիս: Բավական է, ոչինչ մի սպասեք այս մարդկանցից: Բոլորը վարկաբեկված են: Միթե այս ամենը բավարար չէ հասկանլու համար, որ սխալ է որևէ դրական փոփոխություն սպասել: Որևէ հույս կամ երազանք չի կարելի կապել այս մարդկանց հետ: Բոլորը վաղուց բարոյազրկված են և իրենց անձնական ամբիցիաներն են առաջ են քաշում, իսկ հասարակության մտահոգությունները մնում են անտեսված:
Թքած ունեն բոլորիս վրա: Մենք իրենց պետք ենք միայն ընտրությունների ժամանակ, որ գան 5000 դրամ խոստանան: Վերջ: Էլ ինչ կարելի է սպասել: Զարմանալի չէր, որ այսպիսի արդյուքներ ունենք:
-Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրվելու մասին ի՞նչ կարծիքի եք:
-Բագրատյանը նախկին պաշտոնյա է: Ես ընդհանրապես չեմ հավատում նախկին պաշտոնյաների ընդդիմադիր լինելուն: Պատճառն այն է, որ այս համակարգի ստեղծողները հենց նրանք էին: Այն ամենն, ինչ այսօր տեսնում եք, ստեղծել են ՀՀՇ-ի բոլոր ներկայացուցիչները: Մենք շարունակում ենք ՀՀՇ-ի իշխանության տակ ապրել: Պետք է գիտակցել՝ համակարգը չի փոխվել, փոփոխվում են միմիայն անուններ, համակարգը մնում է անփոփոխ է, ինչը նույն ՀՀՇ-ն է: Ինչ տարբերություն՝ ՀՀՇ-ն կոչվի ՀԱԿ, ՀՀԿ, թե՞... էությունը չի փոխվել: Որովհետև ձեռնտու չէ մարդկանց: Իրենց ձեռնտու է մոլորեցնել, խաբել, ներկայանալ տարբեր դիմակներով, նմանվել ընդդիմության:
Գոյություն ուներ միայն մեկ կուսակցություն, որը կարող էր այս իրավիճակում իրական ընդդիմություն լինել, բայց այն վերացրել են վաղուց: Չնայած միշտ շատ խիստ հակակոմունիստ եմ եղել և կամ, բայց միայն այդ կուսակցությունը՝ Սերգեյ Բադալյանի կենդանության օրոք, կարող էր դառնալ լիակատար ընդդիմադիր ուժ, որը կառաջարկեր այլ քաղաքական օրակարգ: Սակայն մեր իշխանություններն ամեն ինչ արեցին, որ կոմկուսը վերածվի գոյություն չունեցող քաղաքական ուժի:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան