Քաղաքական կուլիսներում արդեն ծայր են առել խոսակցությունները, թե ՀՀ նախագահական ընտրություններից հետո ով ինչ պաշտոն է ստանալու: Պարզվում է, խորհրդարանի և կառավարության միջև փոխատեղումներ են կատարվելու` Հովիկ Աբրահամյանը դառնալու է ՀՀ վարչապետ, իսկ Տիգրան Սարգսյանը` մեծամասնական ընտրակարգով մի տեղից անցնելով, ԱԺ նախագահ:
Որոշակի ժամանակահատվածում Էդուարդ Շարմազանովը կհամատեղի ՀՀԿ մամուլի խոսնակի, և ԱԺ նախագահի պաշտոնակատարի պաշտոնները:
ՀՀԿ – ԲՀԿ-ի ՙհաթաթայի՚ արդյունքում, Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանը կդառնա նրա տեղակալը` փոխվարչապետ, իրենց երբեմնի պաշտոններին կվերադառնան Հարություն Քուշկյանը` ՀՀ առողջապահության, և Վարդան Վարդանյանը` ՀՀ քաղաքաշինության նախարար: ՀՀ բնապահպանության նախարարի պորտֆելին կվերադառնա նաև այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, իսկ ներկայիս նախարար Արամ Հարությունյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ: Փոխվարչապետի պաշտոն կստանա նաև այժմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: ԱԱԽՔ` Արթուր Բաղդասարյանը կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազ, իսկ ներկայիս դատախազ Աղվան Հովսեփյանը` ԱԱԾ պետ: ԱԱԽ-ում քարտուղար կդառնա ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը: Այս մասին գրում է Միտք.am-ը: