Մեր մասին, եթե ինչ-որ բացասական բան կա հասարակության մեջ, ինչ-որ տեղ հասկանում եմ, քանի որ տարիներ շարունակ գիտեք ինչեր են տարածվել, նույն այս մարդիկ, ինչեր են գրել, սուտ, կեղծիք, ինչ-որ տեղ հասկանում ես, բայց երբ տեսնում ես Հենրիխ Մխիթարյանի մայրը մի բան է ասում ու սկսվում է նույն գրոհը այդ ընտանիքի հանդեպ, հասկանում ես, որ ուրիշ տեղ է խնդիրը։
Այս մասին ասել է 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով իրենց ընտանիքի հանդեպ հասարակության վերաբերմունքին։

Նա իրենց ընտանիքի հանդեպ ուղղակի սպառնալիքներ չի նկատել եւ ազատ զբոսնում է քաղաքում.
«Ես ոտքով քայլելով եմ եկել ձեր հաղորդմանը։ Ոչ նախկինում, ոչ էլ հիմա ես եւ մեր ընտանիքի որեւէ անդամ երբեք խնդիր չենք ունեցել փողոցում քայլելու, քայլում ենք առանց թիկնապահի։ Մենք չունենք այդ վախի զգացողությունը։ Փողոցում մարդիկ են մոտենում ու աջակցություն են հայտնում, կան մարդիկ, որոնք վատ են զգում մեղքի զգացումով, որ ինչ-որ բաների են հավատացել, բայց վերջին 1,5-2 տարվա ընթացքում հասկացել են, որ այնքան էլ ճիշտ չէ այն կարծիքը, որ իրենք ունեին շատ հարցերի շուրջ»,– ասել է Լեւոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ իր հոր 10 տարվա նախագահության ընթացքում, իր, քրոջ եւ եղբոր հետ մեկ անգամ 1 հոգի թիկնապահ եղել է միայն 2003 թվականի ընտրությունների 2–3 ամիսներին։
«Մենք երբեւէ թիկնապահ չենք ունեցել, թիկնապահի կարիք չենք ունեցել։ Տան մեքենան Գազ-3110 է եղել, շատ երկար տարիներ, գրեթե մինչեւ 2006–2007 թվականները, հետո է փոխվել արտասահմանյանով։ Նույնիսկ այդ մեկ թիկնապահին, որ մեր կողքին էր լինում, առանձին մեքենա հատկացված չէր»։


