«Ժամանակ առ ժամանակ ինձ թվում է, թե Հայաստանը բարդ է, բայց Ուկրաինայի իրավիճակը շատ ավելի բարդ է, քան Հայաստանինը … »,-ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը`«Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության» ամառային ճամբարում` պատասխանելով ուկրաինական ճգնաժամի մասին երիտասարդներից մեկի հարցին:
«Մենք կարծում ենք, որ այն ինչ Ռուսաստանը արեց ու շարունակում է անել Ուկրաինայում, Ղրիմում ու այդ տարածաշրջանում ընդհանրապես, ուղղակի սոսկալի է…Ուկրաինան ուղղություն էր վերցրել դեպի Եվրամիություն` ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունն էր ընթանում, և մենք կարծում էինք, որ դա լավ ուղղություն է… Երբ քաղական ճգնաժամ սկսվեց այդ հարցի վերաբերյալ և մարդիկ հայտնվեցին Մայդանում ու կարողացան իշխանություններին դուրս հանել և նոր իշխանություն ձևավորել, կարծում ենք դա շատ լավ էր, որ ժողովուրդը կարողացավ իր ընտրախ ուղղույթւոնը պահպանել ու առաջ տանել:
Մենք դա չենք ուղղորդել, Արևմուտքը չի ուղորդել դա և այն Ուկրաինայի ժողովուրդն է արել: Հետո ինչ տեղի ունեցավ` լավ ընտրություններ մայիսի 25-ին, նախագահի պաշտոնում ընտրվեց լավ մարդ` չեմ ասի, թե այդ մարդը սուրբ է, բայց լավ մարդ է և կշարունակի Ուկրաինային առաջ տանել: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն փորձում եմ հնարավորինս քաղաքական ու տնտեսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային…Մենք գտնում ենք, որ այս հարցին ռազմական լուծում չի կարող լինել և ռազմական հարցում մեր գործողությունները սահմանափակված են: Մենք փորձում ենք ամեն ինչ անել` աջակցելով դիվանագիտական, տնտեսական և քաղաքական ուղղություններում»:
Խոսելով Հայաստանի ներքին խնդիրների մասին` դեկտեմբերին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ամերիկացի դիվանագետն ասել է.
«Հայաստանում 3 տարի եմ եղել` հոյակապ փորձառություն էր ինձ համար և դեռ որոշ ժամանակ այստեղ եմ լինելու: Հայաստանի առաջ ծառացած ամենամեծ մարտահրավերը արդարացիությունն է: Ազատությունների մասով Հայաստանում իրավիճակը բավականին լավ է`խնդիրներ, անշուշտ, կան, բայց բավականին լավ է իրավիճակը: Արդարացիության մասով, կարծում եմ, խնդիրներ կան` քաղաքական և տնտեսական:
Եվ մենք` որպես Հայաստանի բարեկամ, փորձում ենք աշխատել երկրի կառավարության, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի, կուսակցությունների և այլ կառույցների հետ, որպեսզի, ի վերջո, և քաղաքական, և տնտեսական ոլորտներում խաղի հավասար պայմաններ ձևավորվեն բոլորի համար:
Եվ իմ աշխատանքն ինձ դուր է գալիս հատկապես այն առումով, որ մենք կարողացել ենք գտնել բազմաթիվ գործընկերներ: Ամեն տեղ կան մարդիկ` կառավարությունում, կուսակցություններում, ԶԼՄ-ներում, հասարակական ու մասնավոր հատվածում, որոնք համամիտ են մեզ հետ և գտնում են, որ այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն:
Եվ իմ հիմնական աշխատանքն հենց դա է, որպեսզի ես ձևավորեմ այդ գործընկերություններն այնպիսի մարդկանց ու կառույցների հետ, որոնք հետամուտ են նույն արժեքներին, ինչ մենք և կարող են Հայաստանը ճիշտ ուղղությամբ տանել:
Երկրորդ տպավորությունը` հայաստանյան հասարակությունը շատ է վերևից ներքև և դուք կարող եք դա փոխել: Ես չեմ ուզում, որ դուք ճակատագրապաշտորեն մտածեք` երբեք մի մտածեք, որ դուք ոչ մի բան չեք կարող փոխել, ոչինչ չեք կարող անել …»
Կարդացեք նաև` Հնարավորություն, ծառայություն, փոփոխություն. ԱՄՆ դեսպանի հորդորը հայ երիտասարդներին
Ցանկանում ենք ամեն ինչ անել, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն. ԱՄՆ դեսպան