Դեկտեմբերի 21-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 64-ամյա Ռիտա Գրիգորյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 10-ին Երևանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ՝ 33-ամյա Գուրգեն Գալստյանի կողմից վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո։
Կայքի տեղեկություններով՝ տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարող ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Ինչպես ավելի հայտնել էինք, դեկտեմբերի 10-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Skoda մակնիշի ավտոմեքենան Մելքումովի փողոցում վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել էր ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։