Այսօր՝ նոյեմբերի 8-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» թաղամասի (ժողովրդին հայտնի 4-րդ գյուղ) Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի երկհարկանի տան առաջին հարկում գտնվող խոհանոցում բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի, հատակին և պատերին արնանման հետքեր, մի քանի արյունոտված դանակներ, կոտրված սպասք ու խոհանոցային պարագաներ: Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մահացածի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ա. Սիմոնյանն էր:
Նշված վայրից Երևանի գնդի պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն տան բնակիչ, 22-ամյա Մ. Հակոբյանին, ով կասկածվում է սպանություն կատարելու մեջ: Նրա հագուստի և դեմքին վրա կային արնանման հետքեր:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։