Երեկ՝ հունիսի 30-ին, վիճաբանություն, ծեծկռտուք եւ դանակահարություն է տեղի ունեցել Երեւանում։
Ժամը 01։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Նարեկ Շահինյանն է։
Նա հիվանդանոց է տեղափոխվել Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, որի ժամանակ էլ Ն. Շահինյանին դանակով հարվածել են։
Ըստ բժշկի հայտնածի՝ Ն. Շահինյանը ի վիճակի չէ կատարածի մասին հաղորդագրություն տալու։ Շահինյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում՝ որպես պետի տեղակալ։ Նրա հայրը Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանն է։
Կայքի տեղեկություններով՝ նրան դանակահարելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կենտրոն թաղապետարանի բաժիններից մեկի պետը։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։