▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում պայթեցրել են «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի բանկոմատն ու հափշտակել շուրջ 18 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18մլն. դրամ գողանալու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից Asekose.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչեւ 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երեւան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը եւ այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:

Պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 17.974.000 ՀՀ դրամ:

 

 

 

 

 

 

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են բանկոմատի վնասված հատվածները, բանկոմատում առկա գումարը, ինչպես նաեւ` բանկոմատի տեսաձայնագրող սարքը: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական եւ դատահետաքաբանական փորձաքննություններ:

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее