▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեխա է, գրել, տվել են ձեռքը, կարդացել է»․ Սրբազանը՝ ՔՊ-ականի հայտարարության մասին

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հնչեցրած հայտարարություններն իր մտքերը չեն։

Նյուզ.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հայտարարությանը, որով նա խորհուրդ էր տալիս արքեպիսկոպոս Աջապահյանին հաճախ մոմ վառել, ներում հայցել Աստծուց եւ հնչեցնել հոգեւոր խոսքեր։

«Երեխա է, գրել, տվել են ձեռքը, կարդացել է։ Գիտեմ՝ ով է հեղինակը, ինքն էլ գիտի, որ ես գիտեմ, բայց անունը չեմ հնչեցնի։ Նույն կրկնվող մտքերն են՝ թույլ լեզվամտածողությամբ եւ բառապաշարով։ Ես Էմմա Պալյանին խորհուրդ կտամ՝ եթե ազատ խոսելն իր համար դժվար է, գոնե լավ կարդալ սովորի։ Իրենք մեզ թող Աստվածաշնչին չծանոթացնեն, Աստվածաշունչ կարդացող ամեն մեկը դրա մասնագետը չի դառնում։ Ես ներում եմ, որովհետեւ երեխա է, ուզում է կայանալ։ Թող կայանա, մենք արգելք չենք, Աստված իր հետ»,- ասել է Աջապահյանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կարծիքով՝ Արցախը, Սփյուռքը եւ եկեղեցին խանգարում են իշխանությանը ստեղծելու իրենց երազած ապազգային եւ առանց հայկակականության Հայաստանը։

«Մենք դրա դեմ պայքարելու ենք մեր զենքով՝ խոսքով, այլ միջոց չունենք։ Չենք էլ պատրաստվում այլ միջոց օգտագործել, մեր միակ զենքը, որը մեզ բավարարում է լիուլի, խոսքն է։ Իսկ իրենք ուզում են, որ այդ միակ զենքն էլ չօգտագործենք։ Սահմանադրությամբ որեւէ արգելք չկա, որ հոգեւորականը չպետք է խառնվի քաղաքականությանը։ Դա մեր ներքին կանոնակարգով է սահմանված, եւ, այո, այսօր էլ եկեղեցին չի խառնվում քաղաքականությանը։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես չեմ ասում՝ ՔՊ-ն գնա, որ այլ կուսակցություն գա, ես ասում եմ՝ իրենք ձախողել են, պետք է հեռանան, իմ ասածը քաղաքականություն չէ»,- ընդգծել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее