ԱԺ փոխանախագահ Է. Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից գրություն են ստացել, որտեղ առաջարկվում է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2014 թվականի հունիսի 18-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից հանել բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը մինչ կխոսեր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Կառավարության ներկայացրած փոփոխությունների մասին, կատակեց.
«Ես էլ մտածեցի՝ կուտակայինն եք հանել, ուզում էի ողջունել: Նորից ժամանակից շուտ ոգևորվեցինք: Կառավարությունը փոխվեց, կարծում էինք, որ այս խնդիրները նույնպես կվերանայվեն: Բայց, հույսերը, որոնք առաջացել էին, կամաց-կամաց մարում են: Անտեսում ենք հարցը՝ 80 տոկոսը դեմ է: Ժողովուրդը ծանր վիճակում է գտնվում, հետոյի համար ասում են կուտակումներ արա: Մի լավ խոսք կա. «Էշ, մի մեռի, գարուն կգա, յոնջա կուտես»: Մարդն այսօր ապրելու խնդիր ունի: Նա չի վստահում իշխանությանը, մենք ուզում էին վերականգնել դա: Հիմա, եթե օրենքը փոխվում է, բայց դրանից բան չի փոխվում, ինչ իմաստ ուներ: Հիմա էլ բերել-խմբագրել ենք ու ներկայացրել որպես նոր օրենք: Վաղն էլ ասելու են ՝ քանի ՍԴ-ն չի ճանաչել հակասահմանադրական, ուրեմն սահմանադրությանը համապատասխանում է: Ինչո՞ւ ենք խաբում՝ ասելով, որ սա սոցիալական նպատակային վճար է: Այս ամենում միայն վճարն է ճիշտ: Սա ֆինանսական նպատակ է հետապնդում»,-ասաց պատգամավորը:
Անի Կարապետյան