▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»․ Շնորհավորանքներ ՝ Վեհափառին

Մասյացոտնի թեմը շնորհավորել է Կաթողիկոսին։

«Վեհափա՛ռ Տեր,

Մասյացոտնի թեմի ողջ հոգևոր դասը՝ հավատացյալ ժողովրդով, որդիական սիրով ջերմորեն շնորհավորում է Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ։

Փորձություններով լի այս ժամանակներում մեր աղոթքն է առ Աստված, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, զորություն, իմաստություն և հոգևոր անսպառ տոկունություն՝ շարունակելու Ձեր հովվապետական առաքելությունը՝ ի շինություն Հայոց Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր մեր ժողովրդի։

Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ամուր մնալ Քրիստոսի հանդեպ հավատքի, Եկեղեցու միության և Հայրապետական Աթոռի նկատմամբ հավատարմության մեջ։ Մասյացոտնի թեմի ուխտապահ հոգևորականությունն ու հավատացյալ ժողովուրդը, որպես Ձերդ Սրբության հոգևոր զավակներ, հաստատապես կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի կողքին՝ վստահությամբ, որ ճշմարտության և արդարության ճանապարհին Աստված չի լքում իր Եկեղեցին։

Մենք հավատում ենք, որ չարի դեմ պայքարը, որքան էլ դժվար ու երկարատև լինի, ի վերջո հաղթական է, երբ Եկեղեցին իր Հովվապետի, հոգևորականության և հավատացյալ ժողովրդի միասնականությամբ հավատարիմ է մնում Քրիստոսին։ Մեր ուժը ոչ թե մարդկային կարողությունների, այլ Աստծո զորության մեջ է։

«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. Ը 31)։

Թող այս հավատքը զորացնի Ձերդ Սրբությանը, մեր հոգևոր դասին և համայն հավատավոր ժողովրդին՝ անսասան մնալու փորձությունների մեջ, պահպանելու Եկեղեցու միությունը և միասին հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները։

Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահի Հայաստան աշխարհը, անսասան և պայծառ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Իր օրհնությամբ առաջնորդի Ձերդ Սրբության գահակալությունը»։, - ասվում է շնորհավորանքում։

***

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է:

Արագածոտնի Թեմը ևս շնորհավորել է Վեհափառին։

«Վեհափառ Տեր,

Ձեր կատարած գործերի մասին կարելի է անվերջ խոսել. Տերունական աղոթքը մանկան անմեղ շուրթերով թոթովող երեխաներ, Սուրբ Հաղորդության արժեքն իմացող եւ ամեն կիրակի Տիրոջ Մարմինն ու Արյունը ճաշակող, Հայրենիքի արժեքն իմացող եւ շենացնող երիտասարդներ, Սուրբ Գիրքն ու հայեցի ավանդույթն իրենց զավակներին ջամբող ընտանիքներ, խոնարհված Եկեղեցիներում ծնկի իջնող եւ շեն Եկեղեցիները էլ ավելի շենացնող հավատացյալներ, ուսյալ եւ նվիրյալ հոգեւորականներ, տոներ, որ նվիրված են մանկիկից մինչեւ մայրեր եւ ընտանիքներ, շեներում եւ քաղաքներում խոնարհումից վեր հառնող եւ նոր կառուցվող եկեղեցիներ եւ վանքեր… ի վերջո՝ վեհորեն կանգուն, սրտաբաց, աղոթալից , հայի սրբություն սրբոց շեն ՄԱՅՐ ՏԱՃԱՐ։

Վեհափառ Տեր, Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը նվիրումի, ծառայության և հայրական հոգածության վկայությունն է՝ ի սպաս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր հավատավոր ժողովրդի և մեր ազգային ու հոգևոր արժեքների պահպանության ու զորացման։

Ձեր հայրական օրհնությամբ և առաջնորդությամբ Հայոց Սուրբ Եկեղեցին շարունակում է իր առաքելությունը՝ հավատքի լույսը փոխանցելով սերունդներին, ամրապնդելով եկեղեցասեր մեր ժողովրդի հոգևոր կյանքը և զորացնելով նրա կապը Մայր Եկեղեցու ու Հայրենիքի հետ։ Իրավ է ասված՝ ՎՇՏԱՑՅԱԼ ՀԱՅՐԱՊԵՏ, քանզի Ձեր Հայրապետության տարիներին Դուք տեսաք եւ տարաք անդառնալի կորուստների ցավ, սակայն, փա՜ռք Բարձրյալին, նաեւ իրավ է ասված՝ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅՐԱՊԵՏ, քանզի հաղթանակած է այն անձը, որ հասել է իր կյանքի բոլոր նպատակներին։ Իսկ Դուք հասել եք Ձեր բոլոր նպատակներին։

Պողոս Առաքյալի նման այսօր Դուք էլ եք ձայնում՝ ասելով. «Եղբայրնե՛ր, յիշեցէ՛ք մեր վաստակը եւ ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք ձեզնից որեւէ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. եւ ձեզ քարոզում էինք Աստծու Աւետարանը: Վկայ էք դուք ինքներդ, վկայ է նաեւ Աստուած, թէ ինչպէս սրբութեամբ, արդարութեամբ եւ անբասիր կերպով վարուեցինք ձեզ՝ հաւատացեալներիդ հետ. ինչպէս գիտէք էլ, ձեզնից իւրաքանչիւրին, ինչպէս հայրը՝ որդիներին, մխիթարում էինք եւ սփոփում ու վկայութիւն էինք տալիս, որ դուք ընթանաք Աստծուն արժանի կերպով, որը կանչեց ձեզ իր արքայութեանը եւ փառքին:(Ա Թես. 2:9-12)։

Աղոթում ենք և մաղթում, որ Ամենակալ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո երկար և արևշատ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը՝ շարունակելու Ձեր նվիրական առաքելությունը՝ ի փառս Աստծո, ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի զորացումն հավատավոր մեր ժողովրդի։

Թող Տերը Իր անսպառ շնորհներով զորացնի Ձեզ, պարգևի քաջառողջություն, հոգու խաղաղություն և անսպառ կորով, որպեսզի Ձեր հայրապետական ծառայության տարիները շարունակեն պտղաբերել նորանոր բարի գործերով։

Որդիական խոնարհութեամբ`

մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն»։

***

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին BELTA-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Ձեր ողջ կյանքը վեհ ծառայության, նվիրումով կատարվող աշխատանքի և քրիստոնեական եկեղեցուն ու հայ ժողովրդին անմնացորդ նվիրվածության օրինակ է»,- ասված է շնորհավորական ուղերձում։

«Ձեր անխոնջ հովվական գործունեությունը, իմաստուն առաջնորդությունն ու ավանդական արժեքներին հավատարմությունը Ձեզ արժանացրել են խորին հարգանքի թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին Երկրորդին մաղթել է քաջառողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее